Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջեւանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին եւ պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմայելին:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Էլիան Շահվայնը թիմի անունից շնորհավորել է Կարեն Սարգսյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ շնորհակալություն հայտնել՝ նման ձեւաչափի հանդիպում կազմակերպելու համար:

Ողջունելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցը մարզպետարան՝ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմյան ժամանակահատվածում սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության համար: Մարզպետն իրականացվող աշխատանքներում հատկապես կարեւորել է անհետ կորածների խնդիրը՝ ԿԽՄԿ պաշտպանության գործառույթները համակարգող ստորաբաժանման ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրելով այդ հարցին:
ԿԽՄԿ պատվիրակության պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմայելը խոսել է 2020 թվականի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանում գտնվող գերիներին պարբերական այցելությունների եւ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, նրանց ընտանիքների հետ կապի ապահովման եւ այլ ուղղություններով իրենց կողմից իրականացվող տարաբնույթ աշխատանքների մասին՝ նշելով, որ ԿԽՄԿ-ն անում է ամեն հնարավոր բան՝ խնդիրների լուծման համար:

ԿԽՄԿ Իջեւանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնը անդրադարձել է հակամարտության սրացման հետեւանքով Գեղարքունիքի մարզում տուժած համայնքներին ցուցաբերած մարդասիրական խնդիրներին՝ կարեւորելով մարզի սահմանամերձ բնակավայրերի առողջապահական հաստատություններին տրամադրած տեխնիկական, դեղորայքային եւ նյութական աջակցության, կրթական հաստատություններում ենթակառուցվածքների վերականգնման եւ վերանորոգման, հյուրընկալ ընտանիքներին ֆինանսապես աջակցելուն ուղղված հարցերը:

«ԿԽՄԿ աջակցության բաժնի միջոցով փորձում ենք սահմանամերձ բնակավայրերում աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին: Այդ նախագծի իրականացման համար ունենք մասնագետներ, ովքեր կարող են համագործակցել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ: Այս պահին ընթացքի մեջ է մի կարեւոր նախագիծ, որի շրջանակում փորձում ենք դրամական աջակցություն ցուցաբերել 2020 թվականի հակամարտության սրացումից առավել տուժած Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Վերին Շորժա եւ Ներքին Շորժա բնակավայրերի բնակիչներին, քանի որ նրանք զրկվել են անասնակեր ու վառելափայտ ձեռք բերելու հնարավորությունից»,- ասել է Էլիան Շահվայնը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի կողմից ցուցաբերված նախաձեռնության համար` հույս հայտնելով, որ մարզպետարանի հետ ծավալվող առաջիկա համագործակցությունը կլինի էլ ավելի արդյունավետ:

230