«Համայնքների ֆինանսիստների միավորումն» ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին Աղվերանում ազդարարել է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» ձևավորման մասին:

Ծրագիրն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ու «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների ցանցի ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով ներկաներին՝ նա շնորհակալություն է հայտնել «Համայնքների ֆինանսիստների միավորմանն» ու գործընկերներին երիտասարդների շրջանում ժողովրդավարական կարողունակության զարգացման և տեղական ժողովրդավարության գործընթացներին ներգրավման մեխանիզմների ստեղծման համար:

«Մեր պետությունը որդեգրել է ժողովրդավարության ուղին և անշեղորեն ընթանում է առաջ, բայց իրականության մեջ՝ հատկապես տեղական մակարդակում, ժողովրդավարության կենսունակությունն ակնկալում է ամենօրյա ներգրավվածություն. «Տեղական ժողովրդավարության դպրոցը» հանդիսանում է եզակի հարթակ, որ զինում է երիտասարդներին ժողովրդավարության մասին գիտելիքներով, իսկ ամենակարևորը՝ դրանք գործադրելու արժեքներով և հմտություններով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հատկապես տեղական մակարդակով որոշումների ընդունման պարագայում երիտասարդները շատ հաճախ ակտիվ չեն, քանի որ լիարժեքորեն չեն պատկերացնում հանրային մասնակցության գործընթացներն ու մեխանիզմները, հիմնական դերակատարներին, պատկան ինստիտուտներն և մարմինները, միշտ չէ, որ իրենց զգում են հանրային փոփոխությունների դերակատարներ, իրավագիտակից, պահանջատեր, պատասխանատու քաղաքացիներ:

Նրա խոսքով՝ մեծապես կարևորելով այդ խնդիրները՝ դրանք արտացոլվել են նաև կրթությանն ու երիտասարդությանն առնչվող քաղաքականության մեջ՝ ի դեմս ընդունված և շրջանառվող փաստաթղթերում՝ որպես օրինակ նշելով «սովորողների ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության զարգացման շեշտադրումը հանրակրթության պետական չափորոշչում»:

Հաջողություն մաղթելով «Տեղական ժողովրդավարության դպրոցի» բոլոր շրջանավարտներին՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այն՝ որպես առանձին կառույց, կդառնա Հայաստանի հանրային կյանքի որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկող քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարներից մեկը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, իր հերթին կարևորելով ոչ ֆորմալ կրթության դերը հանրային կառավարման վերաբերյալ գիտելիքների զարգացման գործընթացում, ողջունել է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» ձևավորումը՝ վստահություն հայտնելով, որ այն կապահովի համապատասխան գիտելիքներ ունեցող երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման մեջ:

«Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահ Վահան Մովսիսյանը, շնորհավորելով ֆորումի մասնակիցներին, ասել է, որ «Տեղական ժողովրդավարության դպրոցի»՝ որպես առանձին հաստատության ստեղծումը նոր սկիզբ է դպրոցի հետագա աշխատանքներն առավել արդյունավետ և նպատակային կազմակերպելու, ինչպես նաև առաջիկա նոր հնարավորությունների դաշտ ձևավորելու գործում։ Դպրոցի շրջանավարտների նախաձեռնողականությունը և շահառուների ընդհանուր թիվն ապացույց են այն բանի, որ կառույցը ՀՀ հանրային կառավարման ոլորտում ոչ ֆորմալ կրթության կարևորագույն հարթակներից մեկը դառնալու մեծ ներուժ ունի։

Տեղեկացնենք, որ դպրոցն իր ակտիվ գործունեությունը սկսել է 2019 թվականից՝ հետագայում ընդլայնելով ուսուցման հնարավորությունները նաև առցանց հարթակում։ Դպրոցի շրջանավարտների թիվն արդեն հասել է 506-ի․ նրանք իրենց համայնքներում իրականացրել են 150 ծրագիր՝ ներգրավելով ընդհանուր առմամբ 4600 մասնակցի։

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության ղեկավար Ջոն Ալելոն շնորհավորել է բոլորին միջոցառման առթիվ և նշել, որ ծրագրի շահառուն հիմնականում երիտասարդներն են, քանի որ հենց նրանք են տեղերում ժողովրդավարության առաջամարտիկները: Նրա խոսքով՝ երիտասարդները կարող ուժ են մարզերում իրենց համայնքներն ավելի լավը դարձնելու գործում:

Դպրոցը ներառում է նոր գիտելիքներով զինված, եռանդուն ու երիտասարդ կադրեր պատրաստելուն ուղղված շարունակական դասընթացների և միջոցառումների շարք, որոնք իրականացվում են ՀՀ տարբեր համայնքներում՝ կրելով ոչ ստացիոնար բնույթ։ Դպրոցի շրջանակում մասնակիցները ստանում են գիտելիքներ տեղական ինքնակառավարման և տեղական ժողովրդավարության հիմնական գաղափարների, համայնքների զարգացման ծրագրեր մշակելու, իրականացնելու և վերահսկելու վերաբերյալ։ Ստացած գիտելիքների շնորհիվ պատրաստվում են կադրեր, որոնք կարող են ունենալ իրենց ինքնուրույն դերակատարությունը համայնքներում ժողովրդավարության հաստատման և զարգացման գործում։

251