
Ադրբեջանում ցեյտնոտի մեջ են։ Պատճառը` ԱԺ իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանի հայտարարությունն է, ըստ որի՝ «Նոյեմբերյան» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող գյուղի պոմպակայանը կվերագործարկվի, ինչի հետեւանքով ջուրը կհոսի դեպի Ադրբեջան միայն Հայաստանի կարիքները լիարժեք հոգալուց հետո։
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Տավուշի մարզի սահամանապահ Դովեղ գյուղում պոմպակայանի վերագործարկման աշխատանքների մասին։ Նա մասնավորապես գրել էր. «Գյուղում տնամերձ հողամասերը 42 հա են, որից մոտ 5 հա ոռոգվում է ինքնահոս եղանակով։ Գյուղի տնամերձ հողամասերում առկա է ոռոգման ներքին ցանց, սակայն ջրի սակավության պատճառով 37 հա տնամերձ հողամասերից մշակվում են միջինացված 10%-ի չափով։ Նշված տարածքները լիարժեք մշակելու համար անհրաժեշտ էր վերագործարկել «Նոյեմբերյան» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող գյուղի պոմպակայանը:
Գյուղամիջով դեպի Ադրբեջան հոսող առուն, որից երկար տարիներ գյուղացիներն, ըստ էության, չեն կարողացել օգտվել, հիմա կկարողանան, և հուսանք` կմշակեն տնամերձ հողատարածքներն ամբողջությամբ:
Աշխատանքները դեռ ընթանում են, մնում են վերջին շտրիխները: Շուտով ավարտին կհասնենք, որից հետո մինչև մեր ժողովուրդը լիարժեք չօգտվի, ջուր չի հոսի դեպի Ադրբեջան»: