Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ով չի ալարում՝ մի ստատուս է գրում լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու մասին, ՀՀ վարչապետին ու պատգամավորներին էլ թեգում, որ «ականջալուր» լինենք ու մի օրենք ընդունենք «դրանց կարգի հրավիրելու համար»։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը՝ գրանցելով ամենաբարձր աճը մեկ տարվա ընթացքում։ 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։ Մենք տարածաշրջանում առաջատարն ենք մամուլի ազատության առումով։ Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 114-րդ տեղը, Ադրբեջանը՝ 167-րդ տեղում է, Թուրքիան՝ 159-րդն է, Իրանը՝ 176-րդը, ՌԴ-ն նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 տեղով և այժմ 171-րդն է։

Ազատ մամուլը ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է։ Անկախ բոլոր խնդիրներից՝ Հայաստանում ազատ խոսքը և մամուլը չեն կարող սահմանափակվել այնպես, ինչպես սովոր ենք եղել երկար տարիներ և ինչպես տարբեր խմբերի ճաշակն է թելադրում։ Լուրջ անելիքներ ունենք լրագրողական էթիկայի տեսանկյունից, բայց դա ինքնակարգավորվող գործընթաց է, և Կառավարությունը կամ օրենսդիր մարմինը չեն կարող միջամտել այս հարցում՝ բացի ԶԼՄ-ների համար նպաստավոր օրենսդրական պայմաններ ստեղծելուց»։

315