Այս ուղերձն է դրված «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ի «Play it Forward» նախաձեռնության հիմքում։ «Play it Forward»-ը սիրողական ֆուտբոլային ակումբ է և՛ տղաների, և՛ աղջիկների համար։

Երևանում գործող այս ակումբի շնորհիվ Հայաստանի 8 մարզերում և Արցախում 1000-ից ավելի երեխաներ հնարավորություն ունեն անվճար զբաղվելու սիրելի մարզաձևով և առողջ ապրելակերպ վարելու։

Հոկտեմբերի 23-ին ԵՊՀ մարզադահլիճ կազմակերպվել էր Բաց դռների օր, որի ընթացքում տասնյակ ֆուտբոլասերներ տեղում ծանոթացան նախաձեռնությանը, դրա նպատակներին ու սոցիալական նշանակությանը, ոմանք էլ հասցրին ֆուտբոլ խաղալ երևանյան և մարզային ակումբների սաների հետ։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը։

«Շատ կարևոր է փոքր տարիքից սպորտով զբաղվելը։ Սպորտը, մասնավորապես՝ ֆուտբոլը, իր մեջ կրում է հիմնարար արժեքներ։ Հենց երեխաների ծնողներին եմ կոչ անում միանալ այս նախաձեռնությանը։ Սպորտը երեխայի կյանքում նույնքան կարևոր է, որքան բոլոր առարկաները, որոնք անցնում են դպրոցներում։ Այն կոփում է որպես մարդ, սովորեցնում արժեքներ, ինչպիսիք են հարգանքը, կարգապահությունը, փոխօգնությունը, որոնք հետագա կյանքում շատ են պետք գալու»,- դիմելով ներկաներին՝ նշեց Խոակին Կապարոսը։

«Play it Forward» նախաձեռնությանը միացել է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը․ բաց դռների օրվա միջոցառման և առաջիկա մեկ ամսվա ընթացքում «Play it Forward» ակումբին անդամագրվող երեխաներն ու նրանց ծնողները որպես նվեր կստանան նվագախմբի առաջիկա համերգների հրավիրատոմս՝ հնարավորություն ստանալով համատեղել առողջ ապրելակերպն ու դասական արվեստին հաղորդակից դառնալը։
Նշենք, որ այժմ ՀՀ մարզերում գործող ակումբներում ներգրավված են ոչ միայն մարզաբնակ, այլև 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների երեխաներ։
«Միջոցառումը սպասվածից էլ մարդաշատ էր, շատ ուրախ ենք, որ էլ ավելի մեծ թվով մարդիկ իմացան նախաձեռնության մասին ու ցանկություն հայտնեցին միանալ դրան։ Հուսով եմ՝ մեր բաժանորդագիրների թիվը կաճի, ինչը մեզ թույլ կտա, որ մեր մարզային աշխատանքներն ու Արցախում մեր գործունեությունը կարողանանք ընդլայնել ու կայուն
դարձնել»,- ասում է «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ նախագահ Թենի Ավակյանը։

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS)-ը Հայաստանում գործող, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակը սպորտի միջոցով հասարակության վերափոխումն է և շահառու երեխաների հնարավորությունների ընդլայնումը։

 «GOALS»-ը մեկն է այն 35 սոցիալական ձեռնարկություններից, որոնք վերջերս ֆինանսական աջակցություն են ստացել Covid-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի կողմից։ Նպատակն է օգնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հաղթահարել համավարակի տնտեսական հետևանքներն ու օժանդակել
հետագա զարգացմանը։ Ֆոնդը գործարկել է «Իմփաքթ Հաբ Երևանը»՝ ԵՄ կողմից ֆինանսավարվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» տարածաշրջանային ծրագրի շրջանակում։

Մանրամասները` տեսանյութում:

 

344