
Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման խնդրին։ Այս մասին հոկտեմբերի 31-ի երեկոյան հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, ներկայումս շարունակվում են բանակցություններ Հարավային Կովկասում «վեցյակի» («3 + 3», Ռուսաստան, Թուրքիա, Իրան + Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) հարթակի ձեւավորման շուրջ։
Նա կոչ է արել վեց երկրներին համատեղ քայլ անել և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։
«Այդ կապակցությամբ պարոն Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է արել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ։ Վրաստանի կողմից կա որոշակի բացասական վերաբերմունք, բայց եթե այս բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ապա այդ հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- վստահություն է հայտնել Էրդողանը։
Թուրքիայի նախագահը կարծում է, որ նման հարթակի ձեւավորումը կնպաստի Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների զարգացմանը դրական ուղղությամբ։
Մկրտչյան Ջուլիետա