ՀՀ կառավարությունը աջակցում է երկրում ծնելիության աճին եւ այս տարվա պետական բյուջեի ծրագրով ավելի շատ գումար է հատկացնում երկրորդ եւ ամեն հաջորդ երեխայի ծննդյան համար։
Դեռ նախորդ տարի ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն եւ 2021-2026 թվականների գործողությունների ծրագիր, որը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու։
Այսպիսով՝ 2022 թ. պահպանվելու են 2021 թ. համար սահմանված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը՝ 1-ին կամ 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 300 հազար դրամ, 3-րդ կամ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1 մլն դրամ, 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1.5 մլն դրամ:
2022 թ. կիրականացվի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նոր միջոցառում։ Ծնելիությունը խթանելու և բազմազավակ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2022 թ. հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխայի ծնողին կնշանակվի և մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը կվճարվի դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով։ Միջոցառման իրականացմանը կուղղվի 2,925.0 մլն դրամ, ինչի հաշվին հնարավոր կլինի պետական աջակցություն տրամադրել միջին ամսական շուրջ 4875 նոր ծնված երեխաների ընտանիքներին:
2021 թ. պետական բյուջեով հատկացված է 25,249.6 մլն դրամ, ընդ որում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացողների թիվը նախատեսվել է 24721 շահառու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացողների թիվը՝ 36200 շահառու:
2022 թ. կբարձրացվի նաև 2021թ. համար սահմանված խնամքի նպաստի (այդ թվում՝ գյուղական բնակավայրում տրվող) չափերը՝ 26500 դրամի փոխարեն 2022 թվականի հունվարի 1-ից կսահմանվի 28600 դրամ:
Այս դեպքում կհատկացվի լրացուցիչ շուրջ 700 մլն դրամ և կավելանա ավելի քան 27000 երեխաների խնամքի կապակցությամբ տրվող պետական աջակցության չափը։
Բազմազավակ և երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովությանը աջակցելու նպատակով իրականացվող միջոցառման շրջանակներում պետական աջակցություն է տրամադրվում նշված ընտանիքներին՝ իրենց հիպոթեքային վարկերի մարման համար։ Այս նպատակով 2022 թ. նախատեսվում է հատկացնել նախորդ տարվանից 2.3 անգամ ավելի գումար՝ 1,200.0 մլն դրամ, որից կօգտվի 7450 բազմազավակ ընտանիք և 1214 երիտասարդ և երեխաներ ունեցող անձ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այս բարելավումների մասին հայտարարել էր դեռ քարոզարշավի ժամանակ 2021 թվականի հունիսին։