Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ռազմավարության քննարկումը, որին  մասնակցում են  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը,   ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար  Ծովինար Հարությունյանը,  «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության գործընկեր և ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ։

Իր բացման խոսքում Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ժողովրդագրական ծրագրի մշակումը և իրականացումը առանցքային նշանակություն ունի պետության կայուն զարգացման համար։

«Այս խնդիրների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելը կառավարության առաջնահերթություններից է, իսկ շահառուները բնակչության բոլոր շերտերից են»,– ասաց նա և նշեց, որ արդեն ունեն ծնելիության խթանման մեկնարկած ծրագրեր։ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե վերջին տարիներին ինչ քայլեր են իրականացվում ծնելիության խթանման ուղղությամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ նախորդ տարի մեկնարկել է 2021–2026 թվականի իրավիճակի բարելավման ռազմավարությունը և այս քննարկումն արդեն չորրորդն է։ Նա հայտնեց, որ միջազգային փորձագետների ներգրավմամբ հուշագիր են մշակել։ «Սա կառավարության փաստաթուղթը պետք է լինի, ակնկալում եմ բոլորի գործուն մասնակցությունը»,– հավելեց նա։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականից են գործում և արդեն շատ հետազոտություններ են իրականացրել՝ լավագույն փորձագետների ներգրավմամբ։

«Լավ  լուր է, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որ այս ժողովրդագրական անցումով է անցնում, և կան երկրներ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացրել և իրենց երկրի վիճակը բարելավվել է»,– ասաց նա և նշեց, որ երիտասարդներին ուշադրության ներքո են պահում։   Ծովինար Հարությունյանը նշեց, որ  այն պատկերը, որը մենք ունենք, արդյունք է վերջին տարիների արածների և չարածների։

Ծրագրի թիմի ղեկավար,  «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության գործընկեր և ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ մենք ունենք ծերացող բնակչություն, և բնակչությունը նվազում է, ինչը բոլորը զգում են։ Նա նկատեց, որ որոշակի տարիքում ունենք ավելի շատ իգական սեռի ներկայացուցիչներ, քան արական, և վարքաբանական փոփոխություն պետք է լինի։

 

 

827