Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզում մեկնարկել է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը:

Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը:

Միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլիյա Կասմանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, , ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագիտական խմբի ղեկավար Մորթեն Հարտվիգսենը, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, համայնքների և բնակավայրերի կառավարման մարմիններից, բիզնես համայնքից, քաղաքացիական հասարակությունից և կրթական ոլորտից։

Միջոցառման նպատակն էր մասնակիցներին, ծրագրի թիրախային խմբերին, պոտենցիալ շահառուներին և հանրության լայն շերտերին ներկայացնել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի նպատակները, խնդիրները, նախատեսված միջոցառումները և մինչ այժմ իրականացված գործողությունները։

Իր գործունեության 48 ամիսների ընթացքում ծրագիրը կնպաստի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչը կհանգեցնի կյանքի որակի բարելավմանը Տավուշի և Լոռու մարզերի համայնքներում և բնակավայրերում՝ տեղի բնակչության, ներառյալ փոքրամասնությունների ու խոցելի խմբերի, բիզնես համայնքի և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ և ներգրավմամբ:

Այս ամենը կիրականացվի Լոռու և Տավուշի համայնքներից ու բնակավայրերից վերոնշյալ ներկայացուցիչներից կազմված Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձևավորմամբ:

Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝ տարածքային զարգացման առնվազն հինգ ռազմավարական ծրագրերի մշակումը, հինգ Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձևավորումը, շուրջ 1000 բնակչի համապատասխան հմտությունների զարգացումը՝ տեղական զարգացմանն ակտիվորեն նպաստելու համար, մարզային և կենտրոնական կառավարման մարմինների 70 ներկայացուցչի հմտությունների կատարելագործումը, շուրջ 150 տեղական նախաձեռնության ֆինանսավորումը։

Բացի այդ, Քովիդ-19 համավարակի հետվերականգնողական միջոցառումների շրջանակներում ծրագիրն աջակցություն կցուցաբերի 160 ընկերության, կստեղծվի 200 նոր աշխատատեղ, աջակցություն կստանա շուրջ 3000 տեղացի բնակիչ։

524