Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց աշխատատեղերի 2024 թվականի ցուցանիշը և հիշեցրեց, որ այս թվաբանության մեջ ներառվում են աշխատավարձով ապահովված աշխատատեղերը:

«2024 թվականի արդյունքներով Հայաստանում այդպիսի աշխատատեղերի թվաքանակը կազմել է 760 555, որը 2018 թվականի հունվարի ցուցանիշից ավելի է 203 875-ով կամ 36.6 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ, որը, կարծում եմ, որպես բացարձակ թիվ և որպես տոկոսային աճ, շատ էական է: Ուզում եմ ընդգծել, որ 2024 թվականի աշխատատեղերը 37 882-ով կամ 5.2 տոկոսով ավելի են նաև 2023 թվականից: Այսինքն՝ այդ դինամիկան տարեցտարի աճում է: Բայց ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ այդ դինամիկան պահպանվում է 2025 թվականի հունվարին, և, մասնավորապես, 2025 թվականի հունվարին 2024 թվականի հունվարի նկատմամբ ունենք 41 124-ով ավելի աշխատատեղ, 2018 թվականի հունվարի նկատմամբ՝ 20 հազարից ավելի աշխատատեղ»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև միջին ամսական աշխատավարձի ցուցանիշին, որը 2024 թվականի արդյունքներով կազմել է 287 172 դրամ:

«Այն 2018 թվականի նկատմամբ ավելի է 114 445 դրամով կամ 66.3 տոկոսով, բայց ուզում եմ այս ցուցանիշը համադրել նույն ժամանակահատվածի գնաճի հետ: Հիմա մենք տեսնում ենք, որ 2018 թվականի միջին աշխատավարձը 66.3 տոկոսով ավելի է, քան 2018 թվականինը: Իսկ գնաճը 2018 թվականի նկատմամբ եղել է 25.3 տոկոս. այսինքն՝ աշխատավարձի աճը մոտավորապես 40 տոկոսով ավելի է, քան գնաճը, և սա էական ցուցանիշ է: Ուզում եմ ընդգծել, որ 2024 թվականին 2023 թվականի համեմատ գնաճը եղել է ընդամենը 0.3 տոկոս, մինչդեռ աշխատավարձի աճը 2024-ի արդյունքներով 2023-ի նկատմամբ եղել է 6.4 տոկոս: Եթե զուտ մեխանիկորեն նայենք, ըստ էության, ստացվում է, որ տասնյակ անգամով ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը:

2025 թվականի հունվարին միջին աշխատավարձը, որը կազմել է 296 651 դրամ, 2018 թվականի հունվարի նկատմամբ ավելի է 126 594 դրամով կամ 74 տոկոսով: 2025 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ գնաճը կազմել է 27 տոկոս, աշխատավարձի աճը՝ 74 տոկոս: 2025-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրվել է 1.7 տոկոս գնաճ, բայց աշխատավարձերի աճը կազմել է 4.6 տոկոս: Այսինքն՝ այստեղ էլ աշխատավարձերի աճը կրկնակիից ավելին է գնաճի համեմատ»,- ասաց վարչապետը:

137