Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին կայացած Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման 7 սկզբունքները:

 

1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին:

 

2. Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը որեւէ պարագայում չեն կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել:

 

3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի առաջնահերթ ճանաչման՝ հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ չի կարող կողմերի միջեւ բովանդակային քննարկման առարկա դառնալ:

 

4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաեւ տեղափոխելով նրա տարածք:

 

5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ:

 

6. Հակամարտության կարգավորման եւ դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան:

 

7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն եւ համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու Արցախի միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների:

373