«Հայեր ջան, ուրեմն ֆլեշմոբ ենք հայտարարում ադրբեջանցիների դեմ, որովհետև իրենք էլ մեր դեմ են սկսել»․ սոցիալական կայքերից մեկում այսպիսի գրառում էր արել տաքսի ծառայության մի վարորդ։ Բանն այն է, որ նոյեմբերի 16-ին՝ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի ֆոնին, ակտիվացել էին ՀՀ-ում գործող «Յանդեքս» տաքսի ծառայությանը կեղծ պատվերներ ուղարկող ադրբեջանցիները:
Աշխարհի տարբեր կետերում ապրող ադրբեջանցիները, միավորվելով տելեգրամյան ալիքների տարբեր խմբերում, փորձել էին զանգվածային կեղծ պատվերների միջոցով կաթվածահար անել Երևան քաղաքի երթևեկությունը:
Այժմ ադրբեջանցիներին «հակահարված» են տալիս հայ վարորդները․ «Քաշում ենք «Bolt» ծրագիրը, տանում ենք Բաքվի վրա՝ կապ չունի, թե որ փողոցը կլինի կամ ով կգա, նենց ենք անում, որ իրենց տուն հաց տանել չկարողանան։ Հասնում են նշված վայր ու չեղարկում ենք պատվերը։ Նույն ծրագրով հնարավոր է նաև սնունդ պատվիրել, պատվիրում ենք ու տեղ հասնելուց հետո չեղարկում»,- մանրամասնում է վարորդներից մեկը։
Բաքվի փողոցներում երթևեկության կաթվածահար լինելը վկայող բազմաթիվ տեսանյութեր կան։ Ադրբեջանցիների՝ կեղծ պատվերներ իրականացնելու փորձերն էլ առաջին անգամ չեն․ սահմանային լարվածության ժամանակ նրանք տարբեր տեղեկատվական արշավներից բացի, իրականացնում են նաև նման արշավներ։ Նման հարձակումներ տեղի են ունեցել 2020 թվականի Հուլիսյան մարտերի և 44-օրյա պատերազմի օրերին։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ ադրբեջանցիներն այսպիսի նախաձեռնությունները հիմնականում կոորդինացնում են տելեգրամյան ալիքներով, սակայն, աչքի առաջ ունենալով նախորդ անգամների փորձը, մերոնք զգոն են եղել և նախապես արգելափակել։ Մարտիրոսյանը այս արշավը տեղեկատվական պատերազմ չի որակում, քանի որ մեկը մյուսին հաջորդող գործողություններ չկան։
«Նման քայլերն իմաստ ունեն այն ժամանակ, երբ որ դրանց նախորդում է այլ գործողություն։ Ադրբեջանցիները դա անում էին այն պահին, երբ փորձում էին ավելացնել խուճապային տրամադրությունները, թե չէ, մեծ հաշվով, դա ուղղակի մի քանի պատվերի և գումարի հետ է կապված»,- ասաց մեդիափորձագետը։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սրանք այնպիսի քայլեր են, որոնք պարզապես նյարդայնացնում են մի քանի տասնյակ մարդկանց։
Աղբյուր՝ Factor.am