
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։ Վարչապետը 10 օր կգտնվի ինքնամեկուսացման մեջ, առաջիկա օրերի համար նրա աշխատանքային գրաֆիկը փոփոխության կենթարկվի։ Կորոնավիրուս է հաստատել նաև քաղաքական գործչի դուստրերից մեկի մոտ։
Կաստեկսի մոտ վիրուսի առկայության հաստատումից հետո հարկադիր կարանտինային ռեժիմի են անցել նրա հետ շփում ունեցած Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարության մի շարք նախարարներ՝ վերջերս կայացած անվտանգության հարցերով ֆրանս-բելգիական հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի վարչապետի հետ ունեցած շփման պատճառով։
Մինչ թեստի բացասական պատասխան ստանալն ինքնամեկուսացման մեջ կգտնվեն նաև Բելգիայի ներքին գործերի, արտաքին գործերի, պաշտպանության և արդարադատության նախարարները, ովքեր նունպես ներկա են եղել հանդիպմանը։
Հայտնի է, որ վարչապետը ստացել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca –ի պատվաստանյութի լիարժեք չափաբաժինը։ Երկրորդ ներարկումն արվել է հունիսի 19-ին։