
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հերթական նամակով կոչ է արել իր կողմնակիցներին հանրահավաքներ անցկացնել՝ ի պաշտպանություն իրեն։
«Կոչ եմ անում բազմաթիվ ակցիաներ անել, հետո դեկտեմբերին պետք է պատրաստվենք մեծ համազգային ցույցերի։ Իմ դատը նշանակված է նոյեմբերի 29-ին, խնդրում եմ բոլորին հավաքվել դատարանի մոտ։ Սա կլինի իմ անմիջական բողոքարկման առաջին հնարավորությունը վերջին երկու ամիսներին»,- ասվում է Սահակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։
Նախկին նախագահը նաեւ հույս է հայտնել, որ մոտ օրերս կստեղծվի «իր ազատ արձակման հասարակական հանձնաժողով»։
«Միաժամանակ, հուսով եմ, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը նույն եռանդով կշարունակի աշխատել այս ուղղությամբ, շնորհակալություն եմ հայտնում նաև մյուս կուսակցություններին և անհատ քաղաքացիներին իրենց գործունեության համար»,- նշել է քաղաքական գործիչը։