
Վերջին օրերին AraratNews.am-ը զգալի թվով նամակներ և հեռախոսազանգեր է ստանում դպրոցահասակ երեխաների ծնողներից: Նրանց մտահոգություններից մեկն էլ «Ազգային երգ ու պար» և «Շախմատ» առարկաների համար դպրոցում աշակերտին գնահատելու մեխանիզմն է, ինչը, նրանց կարծիքով, նպատակահարմար չէ:
«Ազգային երգ ու պար» առարկան ի սկզբանե ներդրվել էր երեխային իր արմատներին, արժեքներին, իր երգ ու պարին մոտեցնելու նպատակով: Նախատեսվում էր, որ նոր առարկայի շնորհիվ աճող սերունդը կստանա հայրենասիրական դաստիարակություն: Նկատենք, որ հայրենասիրությունն ու ազգասիրությունը թվանշանի միջոցով գնահատելն իրատեսական չէ: Այս երկուսն իռացիոնալ գործոններ են, որոնք ռացիոնալ չափանիշներին չեն ենթարկվում: Բացի դրանից՝ դպրոցահասակ երեխան մեղավոր չէ, որ լավ ձայնային տվյալներ կամ էլ մարմնի «ճկունություն» չունի:
«Շախմատ» առարկայի ներդրումն ի սկզբանե ուղղված է եղել երեխաների տրամաբանելու կարողության, ինչպես նաև սեփական որոշումների համար պատասխանատվություն կրելու հմտությունների ձեռք բերմանը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Շախմատ» առարկայի դասագրքերի բովանդակությունը բավականին խրթին է, և երեխան, հիմնականում, ինքնուրույն չի կարողանում լուծել առաջադրանքները: Աշակերտին «օգնության ձեռք» են մեկնում ծնողները, ավելի ճիշտ՝ նրա փոխարեն իրենք են կատարում տնային առաջադրանքները (եթե իհարկե վերջիններս գիտեն շախմատ խաղալ): Փաստորեն, ստացվում է, որ ծնողը հանձնարարությունը կատարում է, իսկ նրա փոխարեն գնահատվում է երեխան: Ակամայից հիշում ենք հայտնի խորհրդային ֆիլմի երգը. «Որտեղ է լսված, որտեղ՝ տեսնված»:
Նկատենք, որ եթե երեխան առաջադրանքի համար թվանշան չստանա, ապա ինքնուրույն կկատարի այն ու չի խուսափի ուսուցչին խոստովանել, որ այս կամ այն վարժությունը չի կատարել, կխնդրի բացատրել իրեն:
Քիչ չեն այն դեպքերը, երբ աշակերտը վերոնշյալ առարկաներից ցածր գնահատականներ ստանալու հետևանքով «զրկվում է» գերազանցիկությունից և ինչ-որ տեղ կորցնում ինքնավստահությունը, քանի որ բնությունն ի սկզբանե նրան երգելու կամ պարելու շնորհ չի տվել: Ուստի, ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, եթե հիշատակված առարկաները կրեին զուտ ճանաչողական բնույթ, չգնահատվեին, լիներ ուղղակի ստուգարքի նման մի բան: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հեռավար դասերի ժամանակ բուռն կերպով քննարկվում էր դպրոցներում թվանշաններով գնահատելու մեխանիզմը վերացնելու հնարավորությունը:
Հ.Գ. Ի դեպ, «Շախմատ»-ը դպրոցական առարկայացանկում ներառվեց Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջինս շախմատի մեծ սիրահար է եւ 2004 թվականից հանդիսանում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը: Նախասիրությունները դպրոցներում ներդնելու ավանդույթից հետ չի մնացել նաեւ այդ շրջանում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ «Ազգային երգ ու պար» առարկան դպրոցներում ներդնելը նրա մտահղացումն է եղել։ Նկատենք, որ վերջինս մի շարք ճանաչված հիթերի խոսքերի և երաժշտության հեղինակ է։ Ստացվում է, որ դպրոցը դարձել էր նախկին պաշտոնյաների նախասիրությունների հարթակ։