ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։

Առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով։

«Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ-ի նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել օդանավին կամ թռչող այլ սարքին՝ վայրէջք կատարել օդանավակայաններում կամ այլ տարածքում, եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային զորքերի ստորաբաժումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Առաջարկվում է Կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության ու ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

Հարցը ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ 

116