ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը, 1999 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով,  դպրոցում աշխատող վարորդի որդուն աշխատանքի է ընդունել որպես պահակ: 2008-2010թթ. ընկած ժամանակահատվածում տեղյակ լինելով վերջինիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, շահադիտական նպատակով՝ պահակի անվամբ ելքագրվող աշխատավարձի գումարները յուրացնելու և վատնելու դիտավորությամբ նույն դպրոցում տարբեր ժամանակահատվածներում տնտեսական աշխատանքների գծով երկու փոխտնօրենների, ինչպես նաև հաշվապահի օժանդակությամբ՝ շարունակաբար յուրաքանչյուր ամիս կազմել, իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ համարվող՝ աշխատավարձի կեղծ տեղեկագրեր և  վճարման ցուցակներ:

Այնուհետև վարորդի որդու անվամբ ելքագրված խոշոր չափերով՝ 1.070.330 ՀՀ դրամ աշխատավարձի գումարները տնօրենն ու վարորդը հափշտակել են և հավասարաչափ բաշխել միմյանց միջև:

Բացի այդ,  հիշյալ դպրոցի վարորդը որդու փոխարեն ստորագրելով աշխատավարձի վճարման ցուցակներում և չստանալով դրանք՝ որդու անվամբ աշխատավարձի ստացման բանկային քարտը հանձնել է հաշվապահին, ով 2011-2018թթ. ընթացքում  կանխիկացրել և առանձնապես խոշոր չափերով՝ 5.105.669 ՀՀ դրամ գումարը փոխանցել է ՊՈԱԿ-ի տնօրենին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր` այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը իրավասու մարմնին չհայտնելը կամ թաքցնելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(Յուրացնելը կամ վատնելը), վարորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ փոխտնօրեններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»:

165