
Հայկական ժամանակը հայտնում է, որ այսօր Շիրակի մարզի 4 համայնքում ՝ Ախուրյանում, Արթիկում, Ամասիայում և Աշոցքում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվում:
Ախուրյան համայնքում ի սկզբանե 4 քաղաքական ուժ էր գրանցվել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Իկիլիկյան», «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները:
Սակայն փաստաթղթային անճշտությունների պատճառով վարչական դատարանը «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումը համարել է անվավեր՝ բավարարելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի:
Այսօր Ախուրյանում 3 քաղաքական ուժ կպայքարի հաղթանակի համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքն ու «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը:
Արթիկում ընտրապայքարի մեջ է 6 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Ազատական», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» և «Միասնական Արթիկ» դաշինքը։
«Հանրապետություն» կուսակցության գրանցումը մերժվել է, քանի որ ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների առնվազն 50 տոկոսը չի եղել Արթիկից և միավորվող համայնքներից:
Ամասիայում անցկացվող ՏԻՄ ընտրություններին 3 քաղաքական ուժ է մանակցում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Ազատություն» ու «Համերաշխություն» արտախորհրդարանական կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Արփի-Ամասիա» դաշինքը:
Աշոցք համայնքում 2 քաղաքական ուժ կպայքարի այսօր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու ԲՀԿ-ն:
Այս ՏԻՄ ընտրությամբ կվերականգնվեն նախկին շրջանները։ Խոշորացվող համայնքների կազմում կընդգրկվեն այն բնակավայրերը, որոնք խորհրդային տարիներին եղել են համանուն նախկին շրջանների կազմում։
Մինչ այս ընտրությունն արդեն խոշորացված Ախուրյանում նոր միավորումներ կլինեն: Համայնքը կունենա 35 բնակավայր:
Արթիկին կմիանա 23 գյուղ՝ կազմելով 24 բնակավայր ունեցող համայնք՝ Արթիկ կենտրոնով:
Կմիավորվեն նաև նախկինում խոշորացված Արփի և Ամասիա համայնքները: Արդյունքում 25 բնակավայրով կձևավորվի Ամասիա համայնքը:
Աշոցքը խոշորացումից հետո կունենա 25 բնակավայր: