«Մարտի մեկի դեպքերից հետո ԱԺ չորս պատգամավոր կալանավորված է եղել: Էլ չասած, պարոն Վարդևանյան, հա էդ անձեռնմխելիության հաղթահարումն էլ մի ուրիշ հետաքրքիր երևույթ է: Դրա մասին հետո կխոսենք»,- այսօր խորհրդարանում արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Էլ չեմ խոսում հոկտեմբերի 27-ի մասին, երբ պատգամավորները ոչ թե կալանավորվում էին, այլ սպանվում ԱԺ նիստերի դահլիճում, պարոն Վարդևանյան, ի դեպ՝ երկուսն էլ ձեր քաղաքական առաջնորդի նախագահության տարիներին»,- ասաց Ալեքսանյանը:

Իսկ գալով արդեն քննարկվող «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող նախագծի տեքստին՝ պատգամավորը մեջբերեց այսպիսի բառակապակցություն. «Կառավարությանը կոչ ենք անում հայ ժողովրդի թիկունքում  հակահայկական ինչ-որ քայլեր...» և այլն...

«Պարոն Օհանյան, պարոն Մինասյան, առաջարկում եմ մի տեքստ գրեք, որով Ռոբերտ Քոչարյանին կոչ կանեք, օրինակ, Ադրբեջանի իշխանությունների հետ չհամագործակցել, Հայաստանի շահերի դեմ ոչինչ չանել. բերել ավելացնել այդ տեքստին: Ես խոստանում եմ ինքս անձամբ երեք ձեռքով կողմ կքվեարկեմ այդ նախագծին, պատգամավորների շրջանում լոբբինգ կանեմ, որպեսզի կողմ քվեարկեն այդ նախագծին, ինչ ասեմ, չեք անում: Որովհետև ձեր պատկերացումով իբր նորմալ է, որ...»:

Երբ ԱԺ պատգամավոր  Արծվիկ Մինասյանը միջամտեց, Ալեքսանյանը նկատեց. «Սա երկխոսություն չէ: Իսկ ինչ վերաբերում է դատախազություն՝ ձեր հաղորդման մասին, այո, պատրաստ եմ և շատ ուրախ կլինեմ՝ դատախազությունը սկսի քննություն, և կպարզվի, թե ինչպես է ստացվում սահմանային լարվածությանը զուգընթաց Երևանի կենտրոնում  մի խումբ մարդիկ կրակոցներին զուգընթաց, վայրկյանական սիմետրիայով ու ճշգրտությամբ սկսում են պայքար Հայաստանի իշխանությունների դեմ, սկսում են ինչ-որ միտինգներ ու հակապետական արտահայտություններ են անում։ Շատ ուրախ կլինեմ, եթե այդ ամենը պարզվի»,- եզրափակեց Ալեքսանյանը:

Մանրամասները` տեսանյութում: 

550