SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ոստիկանության Գավառի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով, Գավառի ոստիկանները՝ ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ՝ մարզի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, մոտ 40 գլուխ ոչխար գողանալիս բռնել և ոստիկանության Գավառի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու:
 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 26-ամյա Վահե Ն.-ն, 63-ամյա Գառնիկ Ն.-ն և 20-ամյա Լևոն Ջ.-ն:Պարզվել է, որ Գավառի ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և նրանք Կարմիր գյուղին հարակից «Դուրան» կոչվող հանդամասից պատրաստվել էին գողանալ Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 47-ամյա Արսեն Մարգարյանին պատկանող 40 գլուխ ոչխարը:
 

Ա. Մարգարյանը, ով՝ Գ. Շամշյանի տեղեկություններով, անհատ ձեռներեց է, հրավիրվել է Գավառի ոստիկանություն, և նրան պատկանող ոչխարները ոստիկանությունը ի պահ է հանձնել նրան:
 

Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

284