Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ավարտվեց COP17 համաժողովը, որին մասնակցեց Հայէկոնոմբանկը՝ ներկայացնելով կայուն զարգացմանն ուղղված բանկային լուծումները և խթանելով փորձագիտական համայնքի ու գործարարների ակտիվ ներգրավվածությունը։

Կանաչ գոտում տեղակայված Հայէկոնոմբանկի տաղավարում համաժողովի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու բնապահպանական ֆինանսավորման գործիքներին, որոնք ապագային միտված գաղափարները վերածում են իրական գործողությունների։

«Բնապահպանական խնդիրները դիտարկելով որպես կարևոր տնտեսական գործոն՝ Հայէկոնոմբանկը որոշում կայացրեց ակտիվ մասնակցություն ունենալ COP17 համաժողովին։ Մեր առանցքային նպատակն է համախմբել ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը՝ կանաչ ֆինանսավորումը տնտեսվարողների համար առավել հասանելի դարձնելու նպատակով։ Հայէկոնոմբանկը նշանակալի ներդրում ունի կանաչ տնտեսության խթանման գործում՝ ինչպես միջազգային ֆոնդերի աջակցությամբ իրականացվող ծրագրերի, այնպես էլ սեփական ռեսուրսների միջոցով։ Նման մասշտաբային միջոցառումները կարևոր հարթակ են կանաչ ֆինանսավորման հնարավորությունների հանրահռչակման համար», – նշեց Հայէկոնոմբանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը։

Կայուն զարգացում․ գաղափարից մինչև չափելի ազդեցություն

Հայէկոնոմբանկը շարունակում է ֆինանսավորել կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված նախաձեռնությունները՝ վերականգնվող էներգիայի արտադրությունից մինչև էներգաարդյունավետության բարձրացում և ռեսուրսների արդյունավետ օգտագործում։

Բանկի գործող կանաչ պորտֆելի՝ վերականգնվող էներգիայի ուղղությունը ներառում է շուրջ 121 000 կՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ, որոնք տարեկան շուրջ 194 ԳՎտժ մաքուր էլեկտրաէներգիա արտադրելու ներուժ ունեն։

Այս նախաձեռնությունները նպաստում են էներգասպառման և CO₂ արտանետումների կրճատմանը՝ ամրապնդելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու խթանելով կայուն տնտեսական զարգացումը։ Դրանք արտացոլում են Հայէկոնոմբանկի հանձնառությունը՝ ֆինանսական ռեսուրսները վերածելու չափելի բնապահպանական արդյունքների։

Կանաչ ֆինանսներ՝ հանուն բնության․ հանձնառությունից դեպի գործողություն

Համաժողովին մասնակցության շրջանակում Բանկը կազմակերպեց պանելային քննարկում՝ «Կանաչ ֆինանսներ՝ հանուն բնության․ հանձնառությունից դեպի գործողություն» խորագրով։ Քննարկման ընթացքում պետության, բիզնեսի, միջազգային կառույցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչները տարբեր դիտանկյուններից անդրադարձան ֆինանսական համակարգի կարևոր դերակատարությանը՝ գաղափարները շոշափելի և կայուն արդյունքների վերածելու գործում։

«Հայէկոնոմբանկը, որպես ֆինանսական կազմակերպություն, COP17 նշանակալի միջոցառմանը մասնակցությամբ ընդգծում է բնապահպանական ծրագրերի իրականացմանն ու կանաչ ֆինանսավորման զարգացմանն ուղղված իր պատասխանատվությունը։ Առաջին անգամ մասնակցելով նման լայնամասշտաբ միջոցառման՝ Բանկը նպատակ ունի խթանել դրական փոփոխությունները և նպաստել հասարակության շրջանում բնապահպանական նախաձեռնությունների ու կայուն զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը», – նշեց Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը։

Երկխոսությունից՝ արդյունավետ լուծումներ․ հաճախորդների կարիքներին համահունչ ֆինանսավորում

Կարևորելով հաճախորդակենտրոն սպասարկման շարունակական կատարելագործումը՝ Հայէկոնոմբանկը համաժողովի շրջանակում կազմակերպեց փոդքասթային քննարկումների շարք՝ փորձագետների, գործարարների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկումների նպատակն էր վեր հանել և քննարկել այն առաջարկներն ու մոտեցումները, որոնք հնարավորություն կտան կատարելագործելու կանաչ ֆինանսավորման գործիքակազմը և հաճախորդների կարիքներին առավելագույնս համապատասխանող լուծումներ առաջարկելու։

Իրական պատմություններ․ կանաչ ֆինանսավորման հաջողված փորձը

COP17-ի շրջանակում ներկայացվեցին հաջողված բիզնես պատմություններ, որոնք ակնառու կերպով ցույց տվեցին կանաչ ֆինանսավորման, նորարարական լուծումների և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների համատեղ ազդեցությունը իրական տնտեսության վրա։

Համաժողովի շրջանակում Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները մասնակցեցին նաև Կապույտ գոտում կազմակերպված «Ֆինանսական հատվածի ներգրավումը Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs) իրականացման գործում» խորագրով քննարկմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բնության համար դրական արդյունքների ապահովման հնարավոր ուղիները, ֆինանսական համակարգի անցումային ծրագրերն ու լանդշաֆտային մոտեցումները՝ որպես կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործնական և կայուն լուծումներ։

Հայէկոնոմբանկը, առաջնորդվելով կայուն զարգացման սկզբունքներով, շարունակում է մնալ հուսալի գործընկեր կանաչ նախագծերի իրականացման և դիմակայուն տնտեսության ձևավորման ճանապարհին։

105