SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:35-ի սահմաններում,  «Նաիրի» բժշկական կենտրոնից  ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ  «գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ» ախտորոշմամբ  իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:  Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Սամվել Ծ.-ն է, որը մարմնական վնասվածքները ստացել է Կիևյան փողոցի 5 հասցեում: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Մակար Պ.-ն և 46-ամյա Լևո Խ.-ն Կոմիտասի պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել  մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ  ավագ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մակար Պ.-ին և Լևոն Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:  Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Մակար Պ.-ն հայտնի գործարար, «Մապի Ալիկ»  մականվամբ Ալեքսան Պետրոսյանի որդին է: 

1707