araratnews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

 

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետի  շրջանավարտ (բակալավր), ԵՊՀ քաղաքացիական իրավունք և դատավարություն կրթական ծրագրի մագիստրոս Նաիրա Արտաշեսյանն է:

 

 

Նաիրա, ինչպե՞ս ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը։ Լավ իրավաբան լինելու համար, միայն տեսական գիտելիքները բավարա՞ր են։

 

Մասնագիտության ընտրության հարցում երկար չեմ մտածել, միշտ եմ ցանկացել իրավաբան դառնալ։ Դեռ դպրոցական տարիներից ինձ դատավորի կարգավիճակում էի պատկերացնում, չնայած հետագայում հայացքներս փոխվեցին և որոշեցի հետագա գործունեությունս շարունակել փաստաբանության ոլորտում։

 

Կարծում եմ առանց մեկի մյուսը լինել չի կարող։ Առանց տեսական բավարար գիտելիքներ ունենալու, պրակտիկ աշխատանքում դժվարություններ շատ են լինելու և միևնույն ժամանակ միայն տեսական գիտելիքներ ունենալով անհնար է լուրջ հաջողություններ գրանցել այս ոլորտում։

 

 

Այն առարկաները, որոնցից որ ընդունելության ժամանակ քննություն են հանձնում իրավագիտության ֆակուլտետի դիմորդները մո՞տ են մասնագիտությանը։ Կուզենայի՞ք, որ այդ առարկաների ցանկում ընդգրկված լիներ նաև Հասարակագիտությունը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այն ներառված է արտասահմանյան բուհերի մեծ մասում։

 

Ինչպես գիտեք ներկայումս իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ է քննություն հանձնել երեք առարկաներից՝ հայոց լեզու, հայոց պատմություն և օտար լեզու։ Կարծում եմ հայոց լեզու և օտար լեզուների ընտրությունը արդարացված է, քանի որ առանց հայերենի ուղղագրությունը փայլուն իմանալու չեմ պատկերացնում գրագետ իրավաբան, քանի որ պրակտիկ աշխատանքում անընդհատ կազմում ենք տարբեր դատավարական փաստաթղթեր և ամեն օր կիրառում ենք հայոց լեզվի մեր ստացած գիտելիքները։ Օտար լեզուն շատ կարևոր է հատկապես տարբեր երկրների փորձն ու պրակտիկան ուսումնասիրելու տեսակյունից, բացի այդ ՄԻԵԴ նախադեպերը հիմնականում անգլերեն են և շատ քիչ հատվածն է, որ թարգմանվում է հայերեն։ Ինչ վերաբերում է հայոց պատմությանը կարծում եմ, որ այնքան էլ պետք չի գալիս պրակտիկ աշխատանքում, քանի որ իրավաբանի գործառույթը ոչ թե օրենքները անգիր անելն է, այլ կարողանալ դրանք ճիշտ մեկնաբանել և կիրառել։ Իհարկե լավ կլիներ, որ հասարակագիտություն առարկան ներառվեր, քանի որ ընդհանուր պատկերացումը պետության և իրավունքի մասին տալիս է հենց այս առարկան։ Բայց չեմ կարծում, որ դպրոցներում այս առարկան պատշաճ ձևով է դասավանդվում, չկան հասարակագիտություն առարկայի մասնագետներ, հիմնականում դասավանդում են պատմության ուսուցիչները, ովքեր շատ հաճախ չեն էլ գիտակցում առարկայի կարևորությունը, քանզի իրավագիտակից քաղաքացու և որպես անհատ ձևավորվելու ճանապարհին այն շատ կարևոր նշանակություն ունի։

 

 

Նաիրա, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների մոտավորապես քանի՞ տոկոսն է հետագայում իր մասնագիտությամբ աշխատում։

 

Ըստ իս, այն հատվածը, ովքեր իսկապես իրենք են ընտրել ինչ մասնագիտություն ունենալ, ոչ թե իրավագիտության ֆակուլտետում են հայտնվել ծնողների պարտադրանքով, մեծամասնությունը աշխատում են իրենց մասնագիտությամբ։

 

Բակալավրի աստիճան ունեցող իրավաբանը ո՞ր ոլորտներում կարող է աշխատել։

 

Իրավաբանի մասնագիտությունը մեր օրերում ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, եթե չասեմ ամենապահանջվածը։ Չկա այդպիսի մի ոլորտ, որտեղ իրավաբանի կարիքը չզգացվի։ Կարող են աշխատել ամենատարբեր ոլորտներում՝ դատական համակարգ, արդարադատության նախարարություն, քննչական վարչություն, փաստաբանական գրասենյակներ և այլն։

 

 

Երբևէ ուսումը դրսում շարունակելու մասին մտածե՞լ եք։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը նման հնարավորություն ընձեռու՞մ է։

 

Ուսումը շարունակելու մասին միշտ եմ մտածում և բոլորովին կապ չունի Հայաստանում թե Հայաստանից դուրս։ Հավատացեք Հայաստանում լավ մասնագետների պակաս չկա։ Ես դեռ սովորում եմ Հայաստանում, միգուցե երբ ավարտեմ մտածեմ այդ ուղղությամբ։ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը բավականին ակտիվ է և համագործակցում է տարբեր երկրների առաջատար համալսարանների դասախոսական կազի հետ և պարբերաբար ունենում ենք դրսից հրավիրված դասախոսներ, ովքեր կիսվում են մեզ հետ իրենց փորձով և հմտություններով։

 

Մի փոքր կխոսե՞ք դիպլոմային աշխատանքի թեմայի ընտրության մասին։ Ի՞նչ հիմնական եզրահանգումների եք եկել աշխատանքն ավարտելուց հետո։

 

Դիպլոմային աշխատանքիս թեման եղել է «Փոխնակ մայրության իստիտուտի իրավական հիմնախնդիրները»։ Թեմայի ընտրության հարցում բավական երկար եմ մտածել, քանի որ ներպետական օրենսդրությունը այս ոլորտը գրեթե չի կարգավորում, քանզի այս շատ կարևոր ինստիտուտին ընդամենը մի քանի հոդված է նվիրված։ Ուսումնասիրության շրջանակը հիմնականում եղել է տարբեր երկրնրերի իրավակարգավորումները, փորձն ու պրակտիկան։ Ներկայումս շատ տարածված է փոխնակ մայրերի միջոցով երեխա ունենալու դեպքերը, բժշկական տեսանկյունից գուցե ամեն ինչ պարզ է, բայց իրավական առումով շատ խնդիրներ են առաջանում։ Կողմերի միջև կնքվում է պայմանագիր, նրանք ստանձնում են որոշակի իրավունքներ ու պարտականություններ, որոնց մասին շատ դեպքերում գաղափար անգամ չունեն։ Ներկա իրավակարգավորումների համատեքստում փոխնակ մայրը պատասխանատվություն չի կրում երեխային չհանձնելու համար, պատասխանատվություն չի կրում նաև այն դեպքերի համար, երբ դիտավորյալ կատարում է այնպիսի գործողություններ, որոնք վնասում են պտղին։ Այս անչափ կարևոր գործընթացի նկատմամբ չի իրականացվում պետական վերահսկողություն, ինչը իր մեջ շատ ռիսկեր է պարունակում։ Այս և բազմաթիվ այլ խնդիրների մասին եմ խոսել դիպլոմային աշխատանքում։

 

 

Այն անձինք, ովքեր այլ բազային կրթություն ունեն, բայց միևնույն ժամանակ, ցանկանում են իրավագիտության ոլորտում մասնագիտանալ կարո՞ղ են արհեստավարժ մասնագետ լինել։ Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք նրանց։

 

Կարծում եմ այն անձինք, ովքեր չունեն բակալավրի աստիճան իրավագիտության ոլորտում, միայն մագիստրոսական ծրագիր սովորելով չեն կարող իրավաբան դառնալ, քանի որ բակալավրի կրթական ծրագիրը սովորեցնում է ամենակարևորը՝ տալով պետության և իրավունքի մասին այն անհրաժեշտ գիտելիքների ծավալը, որի միջոցով անձը սկսում է հասկանալ և ընկալել իրավական երևույթների տրամաբանությունը և սխեմատիկան։ Եթե ցանկանում եք դառնալ լավ իրավաբան սկսեք բակալավրի կրթությունից, որովհետև իրավագիտությունը չի կարող լինել «երկրորդ մասնագիտություն»։

 

Նաիրա, հնարավո՞ր է արդյոք, որ մրցունակ իրավաբանները նաև լավ ընկերներ լինեն։ Մրցակցությունն այստեղ լուրջ խոչընդոտ չի՞ հանդիսանա։

 

Վերջին շրջանում ավելացել է հետաքրքրությունը իրավագիտության նկատմամբ և ամեն տարի այս ոլորտը համալրվում է տասնյակ իրավաբաններով, փաստաբաններ, այսինքն կան շատ ավարտած իրավաբաններ, բայց բոլորը չէ որ կարողանում են դառնալ մասնագետներ և համալրել տարբեր պաշտոններ։ Մրցակցություն իհարկե կա, բայց չեմ կարծում, որ դա խանգարում է ամենօրյա աշխատանքին, ընդհակառակը օգնում է կատարելագործվել և դառնալ պրոֆեսիոնալ։

 

Մի փոքր կխոսե՞ք Ձեր մագիստրոսական թեզի թեմայի ընտրության մասին։ Ո՞րն է եղել Ձեր ներկայացրած գիտական նորույթը։

 

Մագիստրոսական թեզս նվիրված է եղել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների իրավական կարգավորման առանձնահատկություններին։ Ուսումնասիրությունս կատարել եմ արդեն ամբողջ վերերտադրողական բլոկի շրջանակներում։ Նշեմ նաև, որ և դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներս առաջին համապարփակ աշխատություններն էին իրավական տեսանկյունից։ Վերարտադրողական ոլորտի օրենսդրության ուսումնասիրության արդյունքում վեր եմ հանել շատ կարևոր խնդիրներ, աբսուրդային հակառակ կանխավարկածներ, անորոշ իրավանորմեր, որոնք կարելի է մեկնաբանել ամենատարբեր կերպ։ Մի շարք առաջարկություններ են ներկայացրել թե պայմանագրերի հստակեցման, թե իրավական նորմերի որոշակիության և թե առկա բացերի հաղթահարման տեսանկյունից։

 

 

Երբևիցե մագիստրատուրան այլ ուղղությամբ շարունակելու մասին մտածե՞լ եք։ Ձեր պրակտիկայում եղե՞լ են բազային իրավաբաններ, ովքեր մագիստրատուրան այլ ուղղությամբ են շարունակել։

 

Երբևիցե չեմ մտածել, քանի որ ես սիրահարված եմ իմ մասնագիտությանը և ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում։ Ես չեմ հանդիպել իրավաբանների, ովքեր այլ ուղղությամբ են շարունակել ուսումը։

 

Օլյա Շահինյան

20913