AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը  Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնի շրջանավարտ (բակալավր), Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Իրավագիտություն կրթական ծրագրի մագիստրանտ Սիրանուշ Հարությունյանն է:

Սիրանուշ, տարիներ առաջ ԵՊՀ միջազգային հարաբերությունների հանրային կառավարման բաժին դիմելը բավականին «մոդայիկ» էր դիմորդների շրջանում: Անձամբ Դուք ինչպե՞ս որոշեցիք ընդունելության հայտ ներկայացնել հենց նույն բաժնի համար:

Երբ դեռևս պարապում էի ընդունելության համար, շատ էի լսել հանրային կառավարում բաժնի որակյալ կրթության և հրաշալի դասախոսական կազմ ունենալու մասին, բայց որպես մասնագիտություն՝ այն կարողացել եմ ավելի շատ ընկալել ուսումնառության ընթացքում, քանի որ համեմատաբար նոր է Հայաստանում, և կարծում եմ, որ դեռևս շատ կփոփոխվի և ավելի մատչելի կդառնա նոր սերունդների համար:

Մի փոքր կխոսե՞ք Հանրային կառավարման բաժնում ուսումնասիրվող առարկայացանկից: Որո՞նք են հատկապես ուսանողի մեջ կառավարչական հմտությունները զարգացնող դասընթացները:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր առարկա իր ուրույն տեղն ունի  առարկայացանկում: Կառավարչական հմտություններ զարգացնող առարկա, որպես այդպիսին, չեմ ցանկանա առանձնացնել, որովհետև օբյեկտիվ չեմ մոտենա հարցին: Կարծում եմ՝ դա պայմանավորված է զուտ որևէ ոլորտի ավելի հոգեհարազատ լինելով, քանի որ հանրային կառավարումը բազմաոլորտ և բազմաբովանդակ է: Կարող եմ՝ պարզապես առանձնացնել ավելի շատ ինձ հոգեհարազատ և սիրելի առարկաներ, որոնք հիմնականում եղել են իրավական ոլորտին հարող: Բացի այդ, շատ սիրել եմ կառավարման հոգեբանություն առարկան, որի շրջանակներում ուսումնասիրել ենք ոչ միայն ղեկավարի, այլև ընդհանուր հոգեբանություն:

Ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ ՀՀ ՊԿԱ-ում ուսանելու ընթացքում ո՞ր գերատեսչություններում ենք անցել Ձեր փորձաշրջանը (պրակտիկան):

Ե՛վ ԵՊՀ-ում, և՛ ՀՀ ՊԿԱ-ում կառավարչական պրակտիկաս անցել եմ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջինը պայմանավորված է եղել զուտ դատարանի  գործունեության հանդեպ հետաքրքրությամբ, երկրորդը՝ աշխատանքի բերմամբ, քանի որ երկրորդ պրակտիկայի վայրը ընտրելու ժամանակ աշխատում էի արդեն նույն դատարանում: Սակայն ունեմ դեռևս մեկ կառավարչական պրակտիկա, որը կարծում եմ կանցկացնեմ  ՀՀ Սահմանադրական դատարանում՝ պայմանավորված ավարտական աշխատանքիս համար ընտրված թեմայով:

Ո՞ր թեմայի շուրջ եք գրել Ձեր դիպլոմային աշխատանքը և ինչ եզրահանգումների եք եկել:

Դիպլոմային աշխատանքս գրել եմ «ՀՀ-ում գործադիր իշխանության ձևավորման և զարգացման ուղիները» թեմայով, որի ընթացքում ուսումնասիրել եմ ոչ միայն ՀՀ-ում, այլև արտասահմանյան երկրներում, մասնավորապես՝ Հունաստան, Իսրայել, Իտալիա, գործադիր իշխանության դերն ու նշանակությունը: Կարծում եմ, որ, պայմանավորված 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով, ՀՀ-ում գործադիր իշխանության գործունեության իրականացման մեջ կան շատ բացեր, սակայն կարծում եմ՝ դա պարզապես կարող ենք որակել որպես անփորձության հետևանք և, օգտվելով  այլ երկրների փորձից, կարող ենք ժամանակի ընթացքում լրացնել դրանք:

ԵՊՀ-ում ուսումնառության շրջանում հատկապես ո՞ր կուրսի ծրագրային ծանրաբեռնվածությունն է նկատելի եղել:

ԵՊՀ-ում յուրաքանչյուր կուրսում եղել են որոշակի առումով դժվարամատչելի առարկաներ, բայց երևի կառանձնացնեմ 2-րդ կուրսը և հատկապես 2-րդ կիսամյակը:

ՀՀ ՊԿԱ իրավագիտության ամբիոն ընդունվելու համար ո՞ր առարկաներից եք քննություն հանձնել:

ՀՀ ՊԿԱ-ում  ընդունվել եմ հեռակա ուսանելու, քանի որ ցանկանում եմ համատեղել աշխատանքի հետ, քանի որ որպես ուսանող, արդեն կարելի է ասել, փորձված եմ և կարողանում եմ ինքնուրույն ուսումնասիրել առարկաները: Ընդունելության ժամանակ  քննություն հանձնել եմ «Ինչ է ազատազրկումը» թեմայով շարադրություն և հարցազրույց, որը անցկացվել է ընդունելության հանձաժողովի կողմից:

Ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրում ՀՀ ՊԿԱ իրավագիտության ամբիոնում:

ՀՀ ՊԿԱ-ում առավել կենտրոնացված ուսումնասիրում ենք իրավական ոլորտին առնչվող առարկաներ՝ ՀՀ Քաղաքացիական իրավունք, Եվրոպական իրավունք, Սահմանադրական իրավունք, ՀՀ Ընտրական իրավունք և նմանատիպ այլ առարկաներ:

Ո՞ր ոլորտներում կարող են աշխատել ԵՊՀ միջազգային հարաբերությունների հանրային կառավարման բաժնի շրջանավարտները:

Այս հարցին դժվար թե կարողանամ ամբողջական պատասխան տալ, քանի որ հանրային կառավարումը  շատ լայն հասկացություն է և իր մեջ ներառում  է շատ ոլորտներ: Երևի թե ցանկացած ոլորտում, որպես հանրային ծառայողներ՝ քաղաքացիական ծառայողներ, համայնքային ծառայողներ:

Ո՞ր ոլորտներում կարող են աշխատել ՀՀ ՊԿԱ իրավագիտության ամբիոնի շրջանավարտները:

Ի տարբերություն հանրային կառավարման՝ իրավագիտությունը ավելի նեղ մասնագիտական  ոլորտ է: Ֆակուլտետի անվանումը ինքնին հուշում է աշխատանքային ոլորտը:

Ինձ ու իմ սերնդակիցներից շատերին «բախտ վիճակվեց» ԵՊՀ  միջազգային հարաբերությունների քաղաքագիտության և հանրային կառավարման բաժինների ամբողջ բակալավրի շրջանը երկրորդ հերթով սովորել: Ձեր դիտարկմամբ անընդմեջ երկրորդ հերթով սովորելը ուսանողի համար խոչընդո՞տ էր միայն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ուսանողներից շատերը չէին կարողանում համատեղել ուսումն ու աշխատանքը:

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր բան աշխարհում կարելի է դիտարկել և՛ լավ, և՛ վատ կողմերով: Երկրորդ հերթով սովորելը ունի մի շարք բացասական կողմեր, մարզերից եկող ուսանողների համար հատկապես կարող եմ նշել ուսանողական ավտոբուսի բացակայությունը, սակայն չեմ կարծում, որ դա կարող  է ուսումնական գործընթացի հետ կապված խնդիրներ առաջացնել: Ճիշտ է, սկզբում դժվար է նոր գրաֆիկին հարմարվել և ժամանակը ճիշտ օգտագործել, սակայն  ժամանակի ընթացքում հարմավել հնարավոր է: Սակայն, եթե չեմ սխալվում, երբ արդեն սովորում էի 4-րդ կուրսում, որոշվեց հերթափոխ սահմանել՝ 1-ին,3-րդ կուրսերը՝ առաջին, 2-րդ, 4-րդ կուրսերը երկրորդ հերթով պետք է գային համալսարան, բայց քանի որ ես 4-րդ կուրսում էի,  կրկին ներառվեցի երկրորդ հերթի մեջ: 

Օլյա Շահինյան


 

53716