Araratnews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

 

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԲՊՀ ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի իտալերեն լեզվաբանություն բաժնի շրջանավարտ (բակալավր), ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն կրթական ծրագրի մագիստրոս Հասմիկ Գաբրիելյանն է։

 

 

Հասմիկ, ինչպե՞ս որոշեցիք հենց իտալերենի մեջ մասնագիտանալ: Մեր երկրում իտալերենի մասնագետների պահանջարկը մե՞ծ է:

 

Ինձ մշտապես հետաքրքրել է լեզուն, խոսքը։ Երբ արդեն հստակ որոշել էի, որ Բրյուսովի պետական համալսարան պետք է ընդունվեմ և բաժիններն էի դիտում, խոստովանեմ՝ իտալերեն լեզվաբանություն բաժնում սովորելու հնարավորությունը գայթակղիչ էր, և ես օգտվեցի դրանից։ Իտալերենի մասնագետների պահանջարկը Հայաստանում, իհարկե, այնքան էլ մեծ չէ, բայց չմոռանանք, որ մասնագետներն էլ շատ չեն։

 

Մի փոքր կխոսե՞ք ԲՊՀ-ում ապագա լեզվաբանի կրթության առանձնահատկությունների մասին: Ուսումնառության ընթացքը բուհում բա՞րդ է:

 

Գիտեք, չեմ կարող ընդհանրական կերպով խոսել բուհում ուսումնառության ընթացքի մասին, քանի որ իտալերեն լեզվաբանություն բաժնի ուսանողների ուսանողական կյանքը և ուսումնական գործընթացի ապահովումն էականորեն տարբերվել են մյուս բաժիններում սովորողների առօրյայից մինչև ամբիոնի կողմից որդեգրած քաղաքականություն։ Որպեսզի առավել պարզ լինի, նշեմ, որ նախապես ընդունված 11 հոգուց ավարտել հաջողվեց միայն 6-իս (նախադեպ է)։ Կարող եմ ասել, որ հենց այս բաժնում սովորելն էր թերևս գլխավոր և առանցքային առանձնահատկությունը։

 

 

Իտալերենից զատ, ուրիշ էլ ինչ լեզուներ եք ուսումնասիրել ԲՊՀ-ում:

 

Իտալերենից զատ, որպես հին, մեռած լեզու՝ առավել հայտնի Հին Հռոմի լեզու, ուսումնասիրել ենք լատիներեն։ Ոսումնասիրել ենք նաև ռումիներեն, ի դեպ, որի դասավանդողները ռումինացիներ էին։

 

Լավ լեզվաբան լինելու առաջնահերթ նախադրյալը ո՞րն է:

 

Առհասարակ ցանկացած մասնագիտության լավ տիրապետելու և որևէ ուղղությամբ մասնագիտանալու համար անհրաժեշտ է նախ վստահություն սեփական ընտրության հարցում, ապա նվիրում։ Ես դեռևս բուհ ընդունվելու համար պարապելու ընթացքից չափազանց կարևորել եմ լեզվի այն բաժինը, որն ուսումնասիրում է ուղղախոսությունը՝ որպես խոսքի մշակույթի բաղկացուցիչ մաս, որպես գրական լեզվում պատմականորեն մշակված և բանավոր խոսքի նորմաների ընդհանրություն, որի միջոցով էլ ապահովվում է ազգային լեզվում գործածվող բառաձևերի արտասանությունը։ Պատահական չէ, որ 1999 թ. ՄԱԿ-ի Կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ողջ աշխարհում խթանելու լեզվական և մշակութային բազմազանության մասին փոխադարձ տեղեկացվածությունը: Կարծում եմ, հատկապես լեզվաբանական բուհ ավարտող ուսանողներիս համար օտար լեզուների սերտումից զատ, գերխնդիր պետք է լինի հայոց լեզվին պատշաճ տիրապետելը, որը նախ և առաջ կդրսևորվի սեփական խոսքում։ Հայերեն ուսումնասիրելուց հետո Ջորջ Բայրոնը սիրել էր հայերենը. «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»,- ասել է նա:

 

Իտալերենի յուրացումը հե՞շտ է:

 

Այո, չնայած լեզվում առկա բազմաթիվ բազառություններին, իտալերենի յուրացումը բարդ չէ։

 

Լեզվաբանի համար քաղաքագիտություն սովորելու ընթացքը բար՞դ էր:

 

Ես սպասում էի այս հարցին։ Այո՛, քաղաքական գիտության ուսումնասիրությունը լեզվաբանական կրթություն ունեցողի համար բարդ է, առավել քան որևէ այլ մասնագիտության պարագայում։

 

 

Քաղաքագիտություն ուսանելիս իտալերենի իմացությունն ու առհասարակ լեզվաբանի մասնագիտությունը Ձեզ օգնե՞լ են:

 

Իհարկե, արդեն նշեցի, որ սովորելու ընթացքը հեշտ չէ, բայց երբ լեզվաբանական կրթություն ստացած մարդն ունի որոշում՝ ուսումնասիրելու քաղաքագիտություն, ապա ունի նաև ամեն բան որպես խթան դիտարկելու հնարավորություն։ Իսկ լեզուների իմացությունն իհարկե օգնում է։

 

ՀՀ ՊԿԱ-ում ի՞նչ թեմայով եք գրել Ձեր մագիստրոսական թեզը: Վերջում ի՞նչ եզրահանգումների եք եկել:

 

Մագիստրոսական աշխատանքս եղել է «Կուսակցությունները՝ որպես խորհրդարանական մշակույթի կայացման ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։ Խորհրդարանական մշակույթը միաժամանակ գտնվում է և՛ ինստիտուցիոնալ, և՛ ոչ ինստիտուցիոնալ ոլորտներում և հանդիսանում է քաղաքական համակարգի կարևորագույն բաղադրիչ, որի կայացումն ամենևին չի պայմանավորվում մեկ ինստիտուտով, այն համալիր փոխգործության և համագործակցության բարձր մշակույթ ենթադրող երևույթ է, ուստի առանցքային համարելով կուսակցությունների դերը՝ անհրաժեշտ է բարձրացնել համագործակցության մշակույթը պետական կառավարում իրականացնող բոլոր ինստիտուտների և դերակատարների միջև։

 

ՀՀ ՊԿԱ-ում Ձեր կառավարչական ու գիտահետազոտական պրակտիկաները ո՞ր հաստատություններում եք անցել: Գործնական պարապունքների ընթացքն արդյունավե՞տ է եղել:

 

Կառավարչական պրակտիկաս անց եմ կացրել ՀՀ վարչապետի աշխատակազմում, հնարավորություն եմ ունեցել լինելու մի քանի վարչություններում, իսկ գիտահետազոտական պրակտիկան՝ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում, որտեղ անցկացրած հետազոտությունը ներառել եմ նաև իմ ավարտական աշխատանքում։

 

 

Կպատմե՞ք քաղաքագիտությունից առավել խոր գիտելիքներ ձեռք բերելու Ձեր հետագա ծրագրերի մասին:

 

Քաղաքական գիտությունը բազմաշերտ և մշտապես զարգացող, շնչող գիտություն է, որի ուսումնասիրությունը դժվար է տեղավորել 2 տարվա ընթացքում։ Այս առումով ծրագրերն ու նպատակները, նաև երազանքները, իհարկե, շատ են, որոնց մասին խոսելու առիթներ վստահաբար կունենանք, հարգելի Օլյա։

 

Օլյա Շահինյան

17264