AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԲՊՀ Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտկան մանկավարժություն» (գերմաներեն լեզու և գրականություն) բաժնի ուսանողուհի Սեդա Ալեքսանյանն է:

Սեդա, ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը: Շուկայում տվյալ մասնագիտության պահանջա՞րկը մոտիվացրեց Ձեզ:

Դպրոցական տարիներին երբեք չեմ ցանկացել ուսուցչուհի դառնալ, պարզապես ուզում էի լեզվին լավ տիրապետել՝ որևէ մասնագիտության մեջ խորանալով, սակայն արդեն 2-րդ  կուրսից հասկացա, որ այն մասնագիտությունը, որը ես եմ ընտրել, այնքան էլ պահանջված չէ աշխատաշուկայում, և, որ ամենակարեւորն է, ես ինձ չեմ տեսնում այդ գործով զբաղվելիս և այդպիսով միջմշակութային հաղորդագրության բաժնից տեղափոխվեցի մանկավարժության բաժին։ Ինձ միայն որպես մանկավարժ եմ տեսնում։

Ինչո՞ւ նախապատվությունը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանին տվեցիք:

Դե, կարծում եմ, որ հենց լեզվաբանական համալսարանը ավելի որակյալ կրթությամբ կապահովի, քան մյուս համալսարանների օտար լեզուների ֆակուլտետները։ Բացի այդ, ԲՊՀ-ում ուսման վարձը ավելի էժան է, քան մյուս համալսարանների տվյալ բաժիններում։

ԲՊՀ Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն» (գերմաներեն լեզու և գրականություն) բաժնի ուսանողները ո՞ր ոլորտներում կարող են աշխատել:

Լեզվին լավ տիրապետելով կարելի է ցանկացած ոլորտում աշխատել՝ ինչպես ես, բայց արդեն մեր որակավորմամբ կարելի է աշխատել դպրոցներում,  ուսումնական կենտրոններում և կրթությանը վերաբերող այլ հաստատություններում։

Ի՞նչ առաջնահերթ հատկանիշներ պետք է ունենա մանկավարժն իր մասնագիտության մեջ հաջողելու համար:

21-րդ դարի Մանկավարժը պիտի սովորեցնի երեխային մտածել, պետք է խրախուսի ներառականությունը, իսկ հենց գերմաներենի մանկավարժը, ըստ իս, պետք է ավելի շատ նորագույն մեթոդներով աշխատի այնպես, որ աշակերտներն իրենց բառապաշարի սահմաններում բանավոր արտահայտվել կարողնանան։ Ես հիշում եմ ավստրիացի դասախոսիս զարմանքը, երբ պատմում էր, որ հայկական դպրոցներ այցի ժամանակ նկատել է, որ 7-8 տարի օտար լեզու անցած աշակերտը չի կարողանում խոսել, թեպետ տիրապետում է մեծ բառապաշարի։

Գերմաներենը անգլերենի կամ ռուսերենի պես տարածված չէ, և երբ չես լսում կամ չես շփվում լեզվակրի հետ, դժվարանում է տվյալ լեզվով լավ խոսելը։ Բանավոր խոսքի վրա պետք է շատ ուշադրություն դարձնվի։

Ի՞նչ եք կարծում. մեր երկրում գերմաներենի մասնագետի այդքան  պահանջարկ կա՞:

Հայաստանում գերմաներենի պահանջարկը գնալով ավելի է մեծանում։ Աշխատատեղեր իհարկե շատ կան, մանավանդ միջազգային կազմակերպություններում: Իսկ աշխատավարձը մրցակցային է։ Շատերն այսօր էլ չեն բավարարվում միայն անգլերենով և որպես այլ օտար լեզու ընտրում են գերմաներենը։ Գերմաներեն դասավանդում են ՀՀ բոլոր մարզերում, թե գյուղերում և թե քաղաքներում։

Ի՞նչ առանցքային առարկաներ եք ուսումնասիրել ԲՊՀ-ում:

Որպես մանկավարժ, բնականաբար, անցնել ենք մեթոդիկա, հոգեբանություն,  ներառական կրթություն,  իսկ լեզվի հետ կապված արդեն լեքսիկա, բանավոր և գրավոր խոսք, քերականություն և այլն։

Ո՞ր ուղղությամբ եք նախատեսում շարունակել մագիստրատուրան:

Մագիստրատուրան ուզում եմ շարունակել ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետում` ՀԵՊ առարկա դասավանդելու համար։ Ըստ իս, այդ առարկան հենց բուն եկեղեցու պատմություն է, ես կցանկանայի երեխաների հետ «Նոր կտակարան» ուսումնասիրել՝ այդպիսով երեխաների մեջ քրիստոնեական դաստիարակությունը խոր արմատներ կգցի։ Մեր գյուղի եկեղեցի ամեն կիրակի 2 հոգի են այցելում (2 թոշակառու քույրեր), դա վատ է, շատ վատ։ Հավատը վերացական երևույթ չէ, այլ գործնական։ Իհարկե եկեղեցի գնալով չէ, որ հավատացյալ են դառնում, բայց եկեղեցուց ու «Կտակարան»-ից անտեղյակ լինելով էլ ճշմարիտ հավատացյալներ չենք։ Հայկական դպրոցին պետք է ՀԵՊ առարկան ավելի թարմ ծրագրով։

Գերմաներենից զատ, այլ լեզուներ ուսումնասիրո՞ւմ եք:

Գերմաներենից զատ ուսումնասիրում եմ անգլերեն, համալսարանում ենք անցնում,  չէի ասի, թե լավ է, բայց փոքրիկ քայլերով գնում եմ առաջ, իսկ ռուսերեն գրեթե չեմ օգտագործել դպրոցից հետո. ծանր վիճակում է։ Բայց դրանցից զատ կուզեի եբրայերեն սովորել, սակայն ժամանակ չունեմ սկսելու համար։

Համալսարանաից զատ, լրացուցիչ պարապունքների կամ դասընթացների հաճախո՞ւմ եք՝ Ձեր մասնագիտական գիտելիքներն էլ ավելի ամրապնդելու համար:

Համալսարանից զատ, աշխատում եմ, և ժամանակ չի մնում այլ բաների տրամադրելու համար։ Սակայն մինչև համալսարան ընդունվելը տարբեր ծրագրերի եմ մասնակցել, կամավորությամբ եմ զբաղվել։ Դա ինձ շատ օգնեց ավելի անկաշկանդ մտածել ու ինքնավստահ լինել։

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ապագա ուսանողներին:

Ցանկացած ուսանող պիտի գիտակցի ինչի համար է համալսարան մուտք գործում, պետք չէ գալ համալսարան ուրիշներից հետ չմնալու համար։ Ուսումը բարդ չէ, եթե լեզվական մտածողություն ունի ուսանողը,  պարզապես պետք է շատ աշխատել արդյունք ստանալու համար։ Բոլորին մաղթում եմ հաջողություն և անկոտրում կամք։

 

Օլյա Շահինյան

 

 

152812