AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

 

Մեր զրուցակիցը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ (բակալավր), ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման եվ հանրային քաղաքականության ամբիոնի քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն կրթական ծրագրի մագիստրոս Զուզան Խուբոյանն է:

 

 

Զուզան, ի՞նչ եք կարծում, մեր օրերում հնարավո՞ր է անաչառ լրագրող լինել:

 

Լրագրողի մասնագիտությունն ունի պահանջներ ու արժեհամակարգ, որի կրողը պետք է դառնաս, դրանցից մեկը հենց անաչառությունն է` ոչ միայն աշխատանքում։ Իսկ մեր օրերում անաչառ լրագրող լինել, կարծում եմ՝ այո, հնարավոր է, եթե աշխատանքային ուղին անցնելու ընթացքում չմոռանաս այն արժեքները, որոնք ունես, ու այն էթիկայի կանոնները, որոնց կրողն ես դառնում որպես լրագրող:

 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հիմնականում ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել: Դրանցից որո՞նք են հետագայում Ձեզ օգնել աշխատանքային գործունեության ընթացքում:

 

Ֆակուլտետը մեզ տվել է շատ հմտություններ նյութերի հետ աշխատանքի, միջանձնային հարաբերությունների, հեռուստառադիո ոլորտների, մամուլի ու առհասարակ մեդիայի հետ կապված: Իհարկե շատ բան ուսանողից է կախված, մենք ինքներս պետք է փնտրելու, մանրուքները նկատելու հմտությունները զարգացնենք, իսկ այս ամենի հիմքը շարունակական ինքնակրթությունն է։ Այս ֆակուլտետն ինձ տվել է կարծրատիպերն ու «չեմ կարողները» հաղթահարելու ունակություն, որը օգնում է և մասնագիտական, և ոչ մասնագիտական գործունեության ընթացքում։

 

 

Արհեստավարժ լրագրողը, նախ և առաջ, ի՞նչ առաջնահերթ որակների պետք է տիրապետի:

 

Անկախ լրագրության ու լրագրողի ճշմարտությունը հասարակությանը կապող օղակ լինելուց, ինձ համար այս մասնագիտությունը ստեղծագործական հարթակ է, ու առաջնային որակը սեփական ձեռագիրն ունենալն է։

 

Միջինը քանի՞ լեզվի պետք է տիրապետի լավ լրագրողը:

 

Լավ ու վատ մասնագետ լինելը շատ հարաբերական է ասված, դժվար թե կարողանամ ասել այս կամ այն լրագրողը լավն է կամ վատը, այս որակավորումը ավելի շատ կապում եմ նյութերի հետ` մատնանշելով դրանց օբյեկտիվ ու բազմակողմանի ներկայացումը։ Իսկ լեզվի իմացությունն այսօր բոլոր հարթակներում դարձել է անհրաժեշտություն, քանի որ բազմաթիվ մասնագիտական գրքեր, ցավոք, հայերենով չկան։

 

Լրագրողն իր անձնական կարծիքը ո՞ր հարթակներում պետք է արտահայտնի:

 

Ինչպես արդեն ասացի վերևում, լավագույն որակներից մեկը սեփական ձեռագիրն ունենալն է, եթե հասել ես նրան, որ քո ձեռագիրն ունենալով հանդերձ կարողանում ես անձնական կարծիքդ գրագետ ու նյութի անաչառության վրա ազդեցություն չթողնելով ներկայացրել, ապա կարծում եմ, լրագրողը նյութում պետք է երևա, խոսքն իհարկե իրադարձային նյութերի ու այսօր այդքան տարածված «fast food» նյութերի մասին չէ։

 

 

Լրագրությունից հետո քաղաքագիտություն սովորելը բա՞րդ էր:

 

Սկզբնական շրջանում բավականին բարդ էր, քանի որ այլ լեզվամտածողություն էր գործում այստեղ, և հենց դա էր ինձ դուր գալիս. նոր մոլորակ բացահայտելու պես մի բան էր ակադեմիական 2 տարիներն ու քաղաքագիտությունը։

 

Հնարավո՞ր է երկու տարում արհեստավարժ քաղաքագետ դառնալ:

 

Հնարավոր է ամեն ինչ՝ կախված, թե ինչքան ջանք ես դնում գործի, կրթության ու կայացման մեջ։ Սակայն քաղաքագիտությունը հեշտ տրվող ոլորտ չէ, այն անընդհատ սովորելու, աշխարհաքաղաքական իրադարձություններին մշտապես հաղորդակից լինելու ոլորտ է։

 

 

Լրագրող-քաղաքագետը ո՞ր ոլորտներում կարող է աշխատել:

 

Մասնագիտությունները և նման են, և բավականին տարբեր, կարծում եմ՝ ես դրանցում կկարողանամ կապ ստեղծել, իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, ապա կարելի է ասել, որ քաղաքագիտական գիտելիքները հիանալի լրացում են լրագրության ասպարեզում մրցունակ քաղաքական լրագրող լինելու համար։

 

Ո՞ր գերատեսչություններում եք անցել Ձեր կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաները:

 

Գիտահետազոտական պրակտիկան անցել եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ուսումնասիրել եմ ազգային փոքրամասնություններին առնչվող օրենքներն ու օրենքների բացթողումները:

 

 

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա ակադեմիականներին:

 

Ակադեմիան մրցունակ գիտելիքներ տվող կառույց է, որտեղ փոխվում է աշխարհընկալումդ, լեզվամտածողությունդ, վերլուծական միտքդ. խորհուրդս ակադեմիականներին` յուրաքանչյուր դասաժամից խլեք առավելագույնս շատ գիտելիքներ, որ ոլորտում էլ աշխատելիս լինեք, այդ գիտելիքները պետք են լինելու։

 

Օլյա Շահինյան

 

21291