AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի շրջանավարտ (բակալավր), Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարում կրթական ծրագրի մագիստրանտ  Սյուզաննա Նիկոլայանն է:

 

 

Սյուզաննա, տարիներ առաջ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ամենամոդայիկն էր համարվում: Ֆակուլտետի դիմորդների մի մասն անգամ չէին էլ գիտակցում, թե հետագայում ինչ մասնագիտությամբ կարող են աշխատել: Կասե՞ք, թե ինչպես նախապատվությունը հենց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետին տվեցիք:

Մասնագիտության ընտրության ընթացքում ունեցել եմ մի քանի տարբերակ, բայց, ի վերջո, նախապատվությունը տվեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնին: Ընտրությունս կատարել եմ՝ հաշվի առնելով իմ հետաքրքրություններն ու հետագա նպատակները, և ուսումնառության ընթացքում համոզվեցի, որ չեմ սխալվել: Իհարկե, եղան որոշ տարբերություններ իմ պատկերացումների և իրականության միջև, բայց դրանք այդքան էլ մեծ չէին: Կարծում եմ՝ մասնագիտություն ընտրելիս պետք է նախ գիտակցել՝ ինչ հնարավորություններ այն կարող է տալ ապագայում և արդյո՞ք քո հետաքրքրությունների շրջանակներում է:

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնի շրջանավարտները ո՞ր ոլորտներում կարող են աշխատել:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը տալիս է բազմակողմանի գիտելիքներ և զարգացվածության բարձր մակարդակ, ինչը ընդլայնում է հետագայում աշխատանք գտնելու հնարավորություննրը: Ստացած գիտելիքները կարելի է կիրառել բազմաթիվ ոլորտներում՝ ԱԳՆ, պետական մարմինների արտաքին կապերի բաժին, միջազգային կազմակերպություններ և էլի շատ ոլորտներ: Կարծում եմ՝ առհասարակ ցանկացած ոլորտում մրցունակ և լավ մասնագետ լինելը տալիս է իր դրական արդյունքները:

 

Հասարակության մեջ տարածված կարծրատիպ կա, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները դեսպաններ պետք է դառնան կամ համալրեն մեր դիվանագիտական կորպուսը: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

Իրականում մասնագիտացումը հնարավորություն տալիս է, բայց չի երաշխավորում, որ ապագայում դու անպայման պետք է հայտնվես այս կամ այն վայրում: Իհարկե,միջազգային հարաբերություններ ֆակուլտետում ստացած գիտելիքները ու հմտությունները տալիս են նման հնարավորություններ, բայց հետագան կախված է անհատից:

Ֆակուլտետում ո՞րն է եղել Ձեր մասնագիտական երկրորդ օտար լեզուն: Այդ լեզվի իմացություն Ձեզ մոտ որ մակարդակում է գտնվում:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնի առավելություններից մեկը մասնագիտական 8 օտար լեզուների առկայությունն է, և իմ մասնագիտական երկրորդ օտար լեզուն եղել է թուրքերենը: Կարդում, հասկանում և կարողանում եմ հաղորդակցվել տվյալ լեզվով: Ազատ ժամանակ ունենալու դեպքում էլ փորձում եմ զարգացնել լեզվի իմացությանս մակարդակը, քանի որ լեզուն մշտական ու ինտենսիվ աշխատանք է պահանջում:

 

Հայտնի է, որ ֆակուլտետում մանրամասնորեն ուսումնասիրում են նաև պատմական գիտությունները: Կասե՞ք` պատմական ուղղվածության ինչ առարկաներ եք ուսումնասիրել:

Պատմական ուղղվածության շատ առարկաներ ենք ունումնասիրել՝ «Միջազգային հարաբերությունները հին և միջին դարերում», «Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» և այլն: Կցանկանամ առանձնացնել «Ղարաբաղյան հիմնահարցը և միջազգային դիվանագիտությունը» առարկան, որի շրջանակներում խորապես ուսումնասիրել ենք Ղարաբաղյան հիմնահարցը, կատարել կարևոր վերլուծություններ: Կարծում եմ՝ ոչ միայն միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների, այլև յուրաքանչյուր հայի համար կարևոր է այս թեմայի վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ ունենալը:

 

Դիվանագիտությանն առնչվող առարկաներ վստահաբար նույնպես ուսումնասիրել եք. կթվարկե՞ք դրանք:

Իհարկե, ուսումնասիրել ենք, և դիվանագիտությանն առնչվող առարկաները ամենահետաքրքիրներից են եղել ինձ համար: Հատկապես կառանձնացնեմ «Դիվանագիտական և հյուպատոսական ծառայություն», «Դիվանագիտական արարողակարգ, վարվելակերպ և վարվեցողություն» առարկաները, որոնք փայլուն դասախոսել է պարոն Չալըմյանը:

 

Սյուզաննա, գաղտնիք չէ, որ այն անձինք, որոնք բավարար միավորներ չեն հավաքել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար, շատ հաճախ հայտնվել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բաժիններից որևէ մեկում: Ըստ Ձեզ, նրանք ի վերջո սիրու՞մ են իրենց մասնագիտությունը, ու հաջողվո՞ւմ է արդյոք այդ ուսանողներին հետագայում աշխատել իրենց մասնագիտությամբ:

Կարծում եմ՝ իրավագիտությունը և միջազգային հարաբերությունները միմյանցից շատ տարբեր ոլորտներ են, և մեկի չստացվելու դեպքում մյուսն ընտրելը անտրամաբանական է: Դժվար է ասել՝ այդ դեպքում հետագայում կարո՞ղ են սիրել իրենց մասնագիտությունը, թե ոչ, բայց մասնագիտություն ընտրելիս պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ և գիատակցությամբ:

 

Ի՞նչ թեմայի շուրջ եք գրել Ձեր դիպլոմային աշխատանքը: Որոնք են եղել հիմնական եզրահանգումները:

Դիպլոմային աշխատանքս եղել է «Թուրքիայի փափուկ ուժի քաղաքականության հիմնական ուղղությունները Վրաստանում 2002-2019 թվականներին» թեմայով։ Թուրքիա-Վրաստան համագործակցության թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական բաղադրիչները որոշակի առնչություն ունեն ՀՀ անվտանգային շահերի հետ: Հետևաբար՝ այս թեմայի ուսումնասիրությունը կարևորություն է ստանում Հայաստանի անվտանգային շահերի տեսանկյունից:

Թեմայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ իր նպատակներին հասնելու համար Թուրքիային մշտապես բնորոշ է եղել հետևյալ քաղաքականությունը. փակ և գաղտնի պատերազմի մեթոդների ընտրություն, տեղեկատվական ազդեցություն, թուրքերենի տարածում, կրթության և գիտության ոլորտում համագործակցություն, տնտեսական ազդեցություն: Հենց այս մեթոդները կազմում են Թուրքիայի փափուկ ուժի քաղաքականությունը, որը ակնառու կերպով դրսևորվում է Վրաստանում: Վերջինս կարևոր տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասում թուրքական քաղաքականության մեջ: Այն Թուրքիայի համար հետաքրքիր է հիմնականում որպես տարանցիկ տարածք միջտարածաշրջանային տնտեսական նախագծերի համար, որը Անկարան համարում է միջազգային ասպարեզում իր ազդեցության ամրապնդման կարեւորագույն գործոն:

 

ՀՀ ՊԿԱ «Հանրային կառավարում» կրթական ծրագրի շրջանակներում ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել:

Թե՛ ԵՊՀ-ում, թե՛ ՀՀ ՊԿԱ-ում ուսանելու ընթացքում ինձ բախտ է վիճակվել ծանոթանալ իրենց ասպարեզում կայացած և բանիմաց դասախոսների հետ և ուսումասիրել հետաքրքիր առարկաներ: ՀՀ ՊԿԱ-ում կառանձնացնեմ  հետևյալ առարկաները՝ «Կառավարման արդի հիմնախնդիրներ», որը դասավանդել է Վիլեն Խաչատրյանը, «Հանրային քաղաքականության վերլուծություն», որը դասավանդում է Մարիամ Մարգարյանը, «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները», որը դասավանդում է Խոսրով Հարությունյանը:

Ո՞ր գերատեսչությունում եք անցել Ձեր կառավարչական պրակտիկան:

Պրակտիկան անցկացրել եմ Սահմանադրական դատարանի աշխատակազմում: Պրակտիկայի ընթացքում ծանոթացել եմ սահմանադրական արդարադատության իրականացման ժամանակակից պրակտիկային, մասնակցել եմ ՍԴ աշխատակազմի արտաքին կապերի ծառայության աշխատանքներին և ՀՀ սահմանադրական դատարանի նիստերին:

Օլյա Շահինյան

61755