«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը խորհրդարանը քննարկել է հունիսի 14-ի նիստում:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ 2021 թ. մասնավորեցվել են դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և ուղղակի վաճառքով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294 մլն 565 հազար դրամ, իսկ 112 մլն 981 հազար դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ:

Նշվել է, որ փաստաթղթում արտացոլված են մասնավորեցման գործարքների արդյունքում նոր սեփականատերերի կողմից ստանձնած պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը, նաև՝ լուծարման գործընթացի և դրա արդյունքում մարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ:

Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում կատարվել է լրացում` մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե արդյոք ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մեր երկրում հանրային սեփականություն հանդիսացող պետական գույքի կառավարման բարելավման համակարգի ներդրման ուղղությամբ:

Առնակ Ավետիսյանի խոսքով՝ պետական գույքի կառավարման ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, ոչ արդյունավետ կառավարման երևույթներ: Իրավիճակի բարելավման ուղղությամբ 2018 թ. սկսած իրականացվել են մի շարք քայլեր, որոնք ունեցել են դրական արդյունք՝ ընդգծել է զեկուցողը:

«Ընդունվել է Պետական գույքի կառավարման նոր հայեցակարգ, որը մենք այս տարի կբարելավենք, կներդնենք պետական գույքի կառավարման, օտարման, մասնավորեցման ավելի ճկուն մեխանիզմներ: Նաեվ Կառավարության ծրագրով առաջին անգամ սահմանվել են ոլորտում իրականացվելիք ծրագրերի մասով հստակ միջոցառումներ և ցուցանիշներ»,- ասել է Առնակ Ավետիսյանը:

Պատգամավոր Արեն Մկրտչյանը փորձել է զեկուցողից պարզել, թե ինչ ընթացքում է գտնվում Ալավերդիում ադամանդի վերամշակման գործարան հիմնելու նպատակով ներդրողի կողմից պետական գույք հանդիսացող շենքի ձեռքբերման հայտը:

Պատասխանելով պատգամավորին՝ Առնակ Ավետիսյանը նշել է, որ ծրագրի վերաբերյալ առկա է Կառավարության որոշման նախագիծ, որն առաջիկայում կհաստատվի: Զեկուցողի խոսքով՝ պետական գույքը կօտարվի մրցույթային եղանակով:

«Մենք հնարավորություն կունենանք իրականացնելու վերահսկողություն կատարվելիք ներդրումային պարտավորությունների վրա և ապահովելու ծրագրի իրականացումը»,- ընդգծել է զեկուցողը: Նա հավելել է, որ տարեսկզբից սկսած՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում տարբեր տնտեսվարողների կողմից առկա է շուրջ 10 մլրդ դրամի ստանձնած ներդրումային պարտավորություններ:

Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: 

205