AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը ուսանողական կյանքի առանձնահատկությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնի շրջանավարտ (բակալավր), ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Հայարփի Մանուկյանն է:

Հայարփի, գաղտնիք չէ, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ու հատկապես հանրային կառավարումը բավականին «մոդայիկ» էին վերջին տարիներին: Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր առաջին մասնագիտությունը:

Մասնագիտական ընտրությունս կատարել եմ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Նախ ուսումնասիրել եմ ԵՊՀ մասնագիտական ուղեցույցը` պատկերացում կազմելով համալսարանում առկա բաժինների ընդհանուր բնութագրերի վերաբերյալ, և քանի որ հետաքրքրություններիս շրջանակը ներառում էր պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, ընտրեցի հանրային կառավարում բաժինը: Եվ այո, այն և իմ ընդունելության ժամանակ, և հիմա համարվում է բավականին «մոդայիկ», և այս ոլորտը իսկապես որակյալ մասնագետների կարիք ունի, ինչը ևս իր ազդեցությունն է ունենում մասնագիտության ընտրության հարցում:

 

Ինչո՞ւ նախապատվությունը Երևանի պետական համալսարանին տվեցիք:

Նախապատվությունը տվեցի Երևանի պետական համալսարանին, քանի որ այն իր վարկանիշով Հայաստանի լավագույն համալսարաններից է, որտեղ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները:

ԵՊՀ  միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնի ուսանողները ո՞ր ոլորտներում կարող են աշխատել:

ԵՊՀ  միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժինը տալիս է կառավարման  բազմակողմանի գիտելիքներ, որոնք կարող են կիրառվել ինչպես պետական կառավարման մարմիններում, այնպես էլ մասնավոր ընկերություններում:

Ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնում:

Առարկաները բազմազան էին և հետաքրքիր, սակայն կառանձնացնեմ հետևյալները.

  • Պետական կառավարման էթիկա
  • Տնտեսության հանրային կառավարում
  • Կորպորատիվ կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում

 

Ո՞րն է եղել Ձեր դիպլոմային աշխատանքի թեման:

Իմ դիպլոմային աշխատանքի թեման է` «Էթիկան պետական կառավարման համակարգում. Զարգացման հեռանկարները ՀՀ-ում»:

Ի՞նչ առանցքային առարկաներ եք ուսումնասիրել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)» մագիստրոսական ծրագրի շրջանակներում:

Ուսումնասիրված առարկաներից կառանձնացնեմ հետևյալները.

  • Կազմակերպական փոփոխությունների և նորարարությունների կառավարում
  • ՄՌԿ պրակտիկում
  • Ներկազմակերպական PR:

Ո՞ր հաստատություններում կարող են աշխատել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները:

Շրջանավարտները կարող են աշխատել ցանկացած ոլորտում, որտեղ պահանջվում է անձնակազմի կառավարում:

Ի՞նչ թեմայի շուրջ եք գրել Ձեր մագիստրոսական թեզը:

Մագիստրոսական թեզի թեման հետևյալն էր. «Կարիերայի կառավարման ժամանակակից մոդելների կիրառությունը We Construct կազմակերպության օրինակով»:

Համալսարանաից զատ, լրացուցիչ պարապմունքների կամ դասընթացների հաճախո՞ւմ եք՝ Ձեր մասնագիտական գիտելիքներն էլ ավելի ամրապնդելու համար:

Քանի որ նոր եմ ավարտել, դեռևս լրացուցիչ դասընթացների չեմ հաճախում, բայց շարունակում եմ մասնագիտական գիտելիքներս կատարելագործել:

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք Երևանի պետական համալսարանի ապագա ուսանողներին:

Երևանի պետական համալսարանի ապագա ուսանողներին խորհուրդ կտամ մինչև մասնագիտական ընտրություն կատարելը ճշգրիտ գնահատել գիտելիքների սեփական հնարավորությունները, մանրամասն ուսումնասիրել մասնագիտությունները և իհարկե հստակ պատկերացում կազմել, թե շուկան ինչպիսի մասնագետների կարիք ունի: Իսկ սովորելու ընթացքում խորհուրդ կտամ ձեռք բերել ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ գիտելիքներ:

 

Օլյա Շահինյան

 

 

133368