AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը ուսանողական կյանքի առանձնահատկությունների վերհանումն է:


AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Ալիկ Պետրոսյանն է:

 


Ալիկ, դիմորդների մի զգալի զանգված նախապատվությունը Իրավագիտությանն է տալիս, քանի որ այն «թրենդային» մասնագիտություն է: Ձեր դեպքում մասնագիտական կողմնորոշումն ինչպե՞ս է տեղի ունեցել:

Անշուշտ, մասնագիտության ընտրությունը կյանքի գլխավոր ու ամենաբարդ որոշումներից մեկն է, ուստի անհրաժեշտ է, որ վերջնական որոշումը կայացնես հենց դու: Իմ պարագայում ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ:
Սկզբնական հատվածում հակված էի դառնալու ծրագրավորող և կրթությունս շարունակելու այդ ուղղվածությամբ: Այդ նպատակով մասնակցեցի մի շարք դասընթացների, ինչպես նաև դարձա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան: «Արմաթ»-ում սովորեցի գրեթե երկու տարի, սակայն, զգալով, որ հետաքրքրությունս նշված ոլորտում ժամանակի ընթացքում նվազում է, որոշեցի փոխել մասնագիտությունս: Բախտի բերմամբ, այդ ժամանակ բախվեցի որոշ իրավական խնդիրների և որոշակի ներգրավվածություն ունենալով այդ խնդիրների լուծմանը` հասկացա, որ իրավաբանի աշխատանքը հենց այն է, ինչն ինձ հետաքրքրում է ամենից շատ: Այժմ, սովորելով մայր բուհի հայր ֆակուլտետում, վստահ եմ, որ ընտրությունս կատարել եմ ճիշտ և ուրախ եմ այդ ընտրության համար:

 

Ինչո՞ւ նախապատվությունը Երևանի պետական համալսարանին տվեցիք:

Համալսարանի հարցում ամեն ինչ շատ ավելի հեշտ էր, քանի որ, հաշվի առնելով Երևանի պետական համալսարանում կրթական մակարդակը, դասախոսական կազմը և բազում այլ փաստեր, ի սկզբանե որոշել էի, որ դիմելու եմ հենց այստեղ: Բացի այդ, ԵՊՀ-ն տալիս է մեծ հնարավորություններ մասնագիտությունից զատ շատ այլ ոլորտներում հմտանալու և փորձառություն ձեռք բերելու:


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները ո՞ր ոլորտներում կարող են աշխատել:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներին լայն հնարավորություններ է ընձեռված աշխատելու պետական գրեթե բոլոր մարմիններում, այդ թվում` Պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, դատարաններում, նախարարություններում, դատախազությունում և այլն: Շրջանավարտները նաև հնարավորություն ունեն աշխատելու մասնավոր ոլորտում, իրականացնելու փաստաբանական գործունեություն:
Բացի այդ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը համագործակցում է արտասահմանյան մի շարք գիտահետազոտական հիմնարկների հետ, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնը, Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք առաջատար իրավաբանական դպրոցներ, որոնք հանդիսանում են նաև խոշոր գիտական կենտրոններ, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կառույցներ` ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը, ԱՄՆ Միջազային զարգացման գործակալությունը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը և այլն:

 



Ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

Առաջին կիսամյակի ընթացքում հասցրել ենք ուսումնասիրել երկու մասնագիտական առարկա` Հայաստանի պետության և իրավունքի պատմություն, ինչպես նաև Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն: Ներկայումս ուսումնասիրում ենք նաև Պետության և Իրավունքի տեսություն, ՀՀ արդարադատության համակարգը, և Հռոմեական մասնավոր իրավունք առարկաները: Վերջինս հանդիսանում է քաղաքացիական իրավունքի հիմքը: Բացի մասնագիտական առարկաներից, ուսումնասիրում ենք նաև օտար լեզուներ, Հայոց պատմության հիմնահարցեր, հայոց լեզու և խոսքի մշակույթ առարկաները: Բացի այս, Համալսարանը ձեռնամուխ է լինում մի շարք դասընթացների կազմակերպմանը, ինչը հնարավորություն է տալիս ձեռք բերել նորանոր գիտելիքներ:


Ի՞նչ եք կարծում, այն անձինք, որոնք իրավագետի բազային կրթություն չունեն, կարո՞ղ են միայն մագիստրատուրայում ուսանելու միջոցով լավ մասնագետ դառնալ:

Գաղտնիք չէ, որ իրավաբանի աշխատանքը, թերևս, ամենաբարդ աշխատանքներից մեկն է, և ուսումնասիրելով իրավագիտությունը միայն մագիստրատուրայում, որտեղ, փաստացի հիմնվելով բազային կրթության վրա, ներկայացվում է որոշակի մասնագիտացման խորացված և դետալային հարցերի լուծումը, շատ դժվար, գուցե նաև անհնար կլինի լավ մասնագետի պատրաստումը: Ճիշտ է ասված, որ անհնար է կառուցել տունը՝ միանգամից տանիք տեղադրելով, անհրաժեշտ է ունենալ հիմք, իսկ տանիքն իր հերթին կամբողջականացնի այն:


Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, կփոխեի՞ք Ձեր մասնագիտությունը:

Ոչ, միանշանակ չէի փոխի. անգամ չէի մտածի այդ ուղղությամբ:


Ո՞ր հաստատություններում են իրենց փորձաշրջանն անցնում ձեր բաժնի ուսանողները:

Չորրորդ կուրսում ուսանողները հնարավորություն ունեն վերը նշված բոլոր կառույցներում անցնելու մասնագիտական պրակտիկա: Սակայն մինչ սա ուսանողները կաշկանդված չեն պրակտիկա անցնելու հարցում, ցանկության դեպքում կարող են դիմել Համալսարանի գործընկեր մի շարք կազմակերպություններին և անցնել մասնագիտական պրակտիկա: Բացի այդ, համալսարանում գործում է նաև իրավաբանական կլինիկան, որի շրջանակում ուսանողներին հնարավորություն է տրվում երրորդ կուրսից անցնել պրակտիկա և արդեն չորրորդ կուրսում անձամբ իրականացնել քաղաքացիների խորհրդատվություն, որի ընթացքում ուսանողները Իրավաբանական կլինիկայի դասախոս-կոորդինատորների անմիջական հսկողության տակ ընդունում են իրավական խնդիրներ ունեցող անձանց և նրանց մատուցում անհրաժեշտ իրավական ծառայություններ:



Ի՞նչ մագիստրոսական ծրագրեր են գործում իրավագիտության ոլորտում մասնագիտանալ ցանկացող անձանց համար: Դուք ավելի շատ ո՞ր ծրագրին եք հավակնում:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործում են մագիստրոսական մի շարք ծրագրեր, օրինակ` Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ, Դատական իրավունք և փաստաբանություն, Մարդու իրավունքներ և սահմանադրական արդարադատություն, Քրեական արդարադատություն և փաստաբանություն և այլն: Դեռևս չունեմ կոնկրետ նախընտրած ծրագիր, սակայն ցանկություն ունեմ համալսարանում կրթությունս շարունակել քաղաքացիական ուղղվածությամբ:


Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, ապա բակալավրիատի կրթական ծրագրում ի՞նչ փոփոխություններ կկատարեիք:

Բակալավրիատում ավելի կամրապնդեի ընտրովիության սկզբունքը, որպեսզի ուսանողը կարողանա հետազոտել առարկաներ, որոնք ներառվում են իր հետաքրքրության շրջանակներում:



Համալսարանաից զատ, լրացուցիչ պարապունքների կամ դասընթացների հաճախո՞ւմ եք Ձեր մասնագիտական գիտելիքներն էլ ավելի ամրապնդելու համար:

Դասերից զատ մասնակցում եմ Ուսանողական խորհրդի կազմակերպած սեմինար-քննարկումներին, դասընթացներին, ծրագրերին, որոնք իրենց հերթին մեծ կարևորություն ունեն ինքնազարգացման և նոր գիտելիքների ձեռքբերման գործում: Բացի այդ նշեմ, որ Ուսանողական խորհուրդը մի կառույց է, որը ուսանողական կյանքը դարձնում է ավելի հետաքրքիր` լի հիշարժան պահերով: Ինքս հանդիսանալով Ուսանողական խորհրդի ակտիվ անդամ` բացի նորանոր գիտելիքներից, ձեռք եմ բերել որոշ հմտություններ և որ ամենակարևորն է՝ անթիվ ընկերներ տարբեր ոլորտներից:

 

Օլյա Շահինյան

180599