Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Araratnews-ին է դիմել ռուս զբոսաշրջիկ Արթուր Մակարովը, պատմելով, թե ինչպես չի կարողացել մուտք գործել «Agoda» գործակալության միջոցով նախապես ամրագրված «New Nairi Hotel» հյուրանոց, որտեղ նա ու իր ընտանիքը պատրաստվում էին տեղավորվել՝ մասնակցելու Ջենիֆեր Լոպեսի Երևանյան համերգին։

Զբոսաշրջիկի խոսքով՝ շաբաթ երեկոյան, արդեն երեխաների հետ մոտենալով մայրաքաղաքին, նա «Agoda» հարթակի միջոցով նախապես ամբողջական վճարմամբ երկու գիշերվա համար ամրագրում է կատարել։

«Ժամանել ենք հյուրանոց մոտավորապես 23։20-ին, սակայն մուտքը մեզ մերժեցին՝ պատճառաբանելով, թե ազատ սենյակներ չկան, իսկ հյուրանոցն արդեն երեք ամիս է՝ ղեկավարվում է այլ ընկերության կողմից և նրանք կապ չունեն ամրագրման հետ», - նշում է նա։

Մակարովը նաև դիմել է «Agoda»-ի աջակցությանը՝ խնդրելով վերադարձնել գումարը, սակայն ստացել է մերժում։ «Իմ դիմումին ի պատասխան՝ նրանք նշել են, թե իբր ես ինքս չեմ ներկայացել հյուրանոց, ուստի վերադարձը հնարավոր չէ», - պատմում է նա։

Նրա խոսքով՝ ինքը միակը չէր, ով բախվել է նման իրավիճակի։ «Ընդունարանի մոտ էլի մարդիկ կային, որոնք նույնպես նախապես ամրագրած և վճարած լինելով՝ չէին կարողանում մուտք գործել հյուրանոց», - հավելել է նա, ասելով, որ հետո իրեն առաջարկել են գրասենյակային սենյակ՝ շատ ավելի թանկ արժեքով։

Նշենք, որ Մակարովը մեզ է ներկայացրել նաև հյուրանոցի ամրագրման, վճարման սքրիշոթերը և ամրագրող՝ «Agoda» գործակալության պատասխանը։

Վերոնշյալ փաստերը ենթադրում են, որ իրավապահ մարմինները նման խաբեության համար քրեական վարույթ կնախաձեռնեն, որովհետեւ հյուրանոցը, խախտելով պայմանավորվածությունները՝ խաբել է օտարերկրացի զբոսաշրջիկներին՝ ֆինանսական եւ բարոյական վնաս հասցնելով։ Այս պահվածքը հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը՝ որպես հյուրընկալ և պատասխանատու երկիր։

498