Օրերս AraratNews.am-ը ծնողներից մեկից ահազանգ է ստացել՝ երեխային Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան Հ168 հիմնական դպրոց ընդունելու հետ կապված բարդությունների շուրջ: Երեխան մինչ այդ մասնավոր վարժարան էր հաճախել, բայց հանգամանքների բերումով ընտանիքը տեղափոխվել էր հին բնակարանից և բնակություն հաստատել Աջափնյակ վարչ. շրջանում, ուստի երեխայի դպրոցը փոխելու լրացուցիչ անհրաժեշտություն է առաջացել: Ծնողը սեպտեմբեր ամսին դիմել էր Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան Հ168 հիմնական դպրոց՝ 5-րդ դասարանցի երեխային ընդունելու խնդրանքով, բայց դպրոցից պատասխանել էին, որ լիցենզիայի են սպասում ու չեն կարող 5-րդ դասարանից սկսած՝ բարձր դասարաններում սովորող աշակերտների ընդունել:

Քանի որ երեխայի մայրն աշխատում է ու չի կարող նրան դպրոց ուղեկցել, նշել էր որ  բնակարանին ամենամոտը վերոնշյալ դպրոցն էր, ուր հասնելու համար երեխան լրացուցիչ ճանապարհ գնալու կամ փողոց անցնելու անհրաժեշտություն չէր ունենալու։ Ստեղծված իրավիճակում ծնողը փակուղում էր հայտնվել. երեխան փաստացի առանց դպրոցի էր մնալու:

AraratNews.am-ը ծնողի մտահոգության մասին նամակով դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը:

ԿԳՄՍ-ի արձագանքը չուշացավ։ «Ի պատասխան Ձեր գրության՝ «Երևանի Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում երեխայի կրթությունը կազմակերպելու վերաբերյալ, հայտնում եմ, որ դպրոցում սովորողների ազատ տեղերի քանակը սահմանվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից դպրոցին տրամադրված լիցենզիայով սահմանված տեղերի քանակին համապատասխան: Դպրոցին հատկացված լիցենզիայի սահմանային տեղերի թիվն ավելացնելու համար դպրոցի տնօրենը կարող է դիմել նախարարություն: Վերջինս կուսումնասիրի խնդիրը, լիցենզիայի պայմաններին բավարարելու դեպքում դպրոցին տրված սահմանային տեղերի թիվը կավելացնի:

Միաժամանակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը համալրվելու դեպքում երեխային ընդունել այն ուսումնական հաստատություն, որտեղ կլինեն լիցենզիայով սահմանված ազատ տեղեր՝ երեխային ուսումնական գործընթացից դուրս չթողնելու համար»,- տեղեկացրեցին նախարարությունից։

Կարճ ժամանակ անց, խմբագրություն զանգահարեց նաեւ ծնողը` տեղեկացնելով, որ խնդիրը լուծվել է, երեխան արդեն դպրոց է հաճախում:

Ինչ խոսք, շատ գովելի է, որ նոր Հայաստանում լրատվամիջոցների միջոցով բարձրաձայնվող հասարակական խնդիրներին պետական մակարդակով լուծում է տրվում:

410