
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը այսօր հանդես եկավ մի շարք հայտարարություններով։ Նա հայտարարեց, որ հրաման է տվել առանց նախազգուշացման կրակ բացել ահաբեկիչների վրա։ Նրա խոսքով, Ալմաթիի վրա 20 հազար ավազակ է հարձակվել, եւ Ղազախստանը ավարտին կհասցնի զինյալների դեմ գործողությունը, «ով չի հանձնվի, կոչնչացվի»։
«Արտակարգ դրության ռեժիմը փուլ առ փուլ հանվելու է Ղազախստանի շրջաններում, որտեղ իրավիճակը բարելավվել է։ Խաղաղ ձևերով արտահայտված Ղազախստանի քաղաքացիների բոլոր պահանջները լսվել են: Ղազախստանը ստիպված է գործ ունենալ ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրյա ավազակների և ահաբեկիչների հետ։
Ալմաթիում ահաբեկիչների գործողությունների պատճառով հարյուրավոր քաղաքացիական եւ զինվորական է տուժել եւ սպանվել»,- հայտարարեց Տոկաեւը։
Տոկաևն ասաց, որ որոշում է կայացրել որոշակի ժամանակահատվածում միացնել ինտերնետը Ղազախստանի մի շարք շրջաններում: Նա նշեց, որ անվճար ինտերնետի հասանելիությունը չի նշանակում հերյուրանքների, զրպարտությունների եւ սադրանքների ազատ տարածում:
Տոկաևը մեղադրեց «ազատ լրատվամիջոցներին» և «օտարերկրյա գործիչներին» Ղազախստանում օրենքի և կարգի խախտումներին աջակցելու մեջ։ Նախագահի խոսքով, արտակարգ դրության սահմանումն արդյունք է տալիս, Ղազախստանում վերականգնվում է սահմանադրական օրինականությունը։
Ղազախստանում անկարգությունների ֆոնին, նա խոստացավ առաջարկել բարեփոխումների ծրագիր և դրանց իրականացման կոնկրետ միջոցներ։
Տոկաևը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով նախագահում է ՀԱՊԿ-ում, ինչպես նաեւ Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին», - ասաց Տոկաեւը։
Մարիամ Գևորգյան