
Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40–ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը, որոնք պարզել են, որ վիրավորը Ռանչպար գյուղի բնակիչ, 88-ամյա Անիչկա Մ.-ն է:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, վիրավորը, գտնվելով իր տան բակում, կրակոցների ձայներ է լսել, որից հետո նկատել է, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքից արյուն է հոսում, և հասկացել է, որ վնասվածքը ստացել է անհայտ որսորդի անզգուշաբար կրակոցից:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կապարե կոտորակ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ որս կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: