
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հաշվի առնելով Հայաստանի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունների ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահների արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստել են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը, ասվում է հաղորդագրության մեջ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։