ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի շուտափույթ սահմանազատմանը։

«Դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման խնդիրներին։ Սա զուտ երկկողմանի խնդիր է, որի վրա մենք առաջարկում ենք սկսել աշխատել արդեն մոտ մեկ տարի՝ ստեղծելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով՝ առաջարկելով մեզ որպես այդ հանձնաժողովի խորհրդատու։ ՌԴ Գլխավոր շտաբը և այլ կառույցներ ունեն քարտեզներ, որոնք արտացոլում են Խորհրդային Միության ձևավորման տարբեր փուլերը և նրա վարչական սահմանների և միութենական հանրապետությունների միջև սահմանների փոփոխությունը»,- ասաց Լավրովը։

Լավրովը տեղեկացրեց, որ երեկ այս թեմայով զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նրա խոսքով, կան կողմերի համապատասխան առաջարկներ, որոնցում կան տարաձայնություններ, քննարկումներ են ընթանում։

Լավրովը նաև ընդգծեց, որ Մոսկվայի դիրքորոշումը պարզ է՝ անհրաժեշտ է լուծել բոլոր այն հարցերը, որոնք մնում են չլուծված՝ պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում։

Մարիամ Գևորգյան

1110