Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իրավապահ մարմինների ղեկավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել՝ հետաքննելու երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը» հղում անելով Տոկաևի մամուլի ծառայությանը։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքներով երկրի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Ղազախստանում, մասնավորապես՝ Ալմաթիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համապարփակ հետաքննությանը, խաղաղ բնակչության մահերի ստույգ թիվը սահմանելուն, կրիտիկական իրավիճակներում իրավապահ մարմինների գործողությունները համակարգելու նոր կարգավորող դաշտի մշակմանը»,- նշվում է տարածված տեղեկատվության մեջ։

Տոկաևը նաև հանձնարարել է Անվտանգության խորհրդին արագացնել աշխատանքները Հատուկ գործողությունների ուժերի ստեղծման և ազգային անվտանգության համակարգի բարեփոխման ուղղությամբ։

Հանդիպմանը երկրի ղեկավարին զեկուցվել է հունվարի առաջին տասնօրյակում մի շարք մարզերում տեղի ունեցած իրադարձությունների նախաքննության ընթացքի, իրականացված հատուկ գործողությունների արդյունքների, ինչպես նաև երկրում հասարակական անվտանգությունն ու օրինականությունն ապահովելու այլ գործողությունների մասին:

Միջոցառմանը ներկա են եղել գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության կոմիտեի, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների առաջին ղեկավարները, ինչպես նաև նախագահի աշխատակազմի և Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարությունը։

254