
AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողուհի Նելլի Օհանյանն է:
Ինչպե՞ս ընտրեցիք պատմաբանի մասնագիտությունը: Մեր օրերում հնարավո՞ր է անաչառ ու անկողմնակալ պատմաբան լինել՝ հիմնվելով միայն գործող և իրական փաստերի վրա:
Ծնվելով և ապրելով մի այնպիսի ընտանիքում, որտեղ մեծ դեր է տրվել հայոց պատմությանը, արժևորվել է նրա ամեն մի դրվագ, ես ինքս չէի կարող անմասն մնալ հայոց պատմության ուսումնասիրությունը շարունակելու և սեփական տեսլականը ձևավորելու գործում։
Նաև ինչպես հայտնի է բոլորիս` իմանալը, թե ինչ է կատարվել նախկինում, հնարավորություն է տալիս խուսափել ապագայի սխալներից։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մշտապես գտնվել է պատերազմների բովում, և միաժամանակ նաև իմ հետաքրքրությունները տվյալ առարկայի նկատմամբ, ինձ դրդեցին, հենց այս, թերևս իմ սուբյեկտիվ կարծիքով, ամենակարևոր մասնագիտության ընտրությանը։
Այո՛, միանշանակ հնարավոր է, և այսօր մենք նման պատմաբաններ ունենք մեր ֆակուլտետում։ Օրինակ չեմ կարող չնշել պարոն Էդիկ Մինասյանին, Միքայել Մալխասյանին։
Նելլի, հասարակության մեջ տարածված մի կարծրատիպ կա, որ պատմությունը հաղթողներն են գրում: Համաձա՞յն եք:
Այո՛, քանի որ պատմությունը թե՛ ուղիղ, և թե՛ անուղղակի իմաստով կերտվում է հաղթողի ձեռքով։
Պատմաբանի որակավորում ունեցող անհատը ո՞ր հաստատություններում կարող է աշխատել:
Առաջին հերթին բնական է՝ պետք է նշեմ դպրոցները և համալսարանները։ Սակայն բացի դպրոցներից և համալսարաններից, պատմաբանները աշխատանքի կարող են անցնել թանգարաններում, արխիվներում, տուրիստական կազմակերպություններում, իսկ ամբողջական կրթություն ստանալու դեպքում նաև նախարարություններում։ Օրինակ այսօր էլ կարող ենք տեսնել, որ թե՛ նախարարություններում, և թե՛ ԱԺ֊-ում պաշտոններ զբաղեցնող անձանցից շատերը ավարտել են ԵՊՀ պատմության ֆակուլտետը։
Մի փոքր կխոսե՞ք ԵՊՀ-ում ուսանողական կյանքի առանձնահատկություններից:
Ուսանողական կյանքի կարևորագույն առանձնահատկություններից մեկը նոր ուսանողական ընկերների ձեռքբերումն է, նրանց թվում են թե՛ կուրսընկերները, և թե՛ ավելի բարձր կուրսերի ուսանողները, որոնցից մենք ստանում ենք նոր գիտելիքներ, տեղի է ունենում նաև փորձի փոխանակում։ Ուսանողական կյանքին ակտիվ մասնակցությունը ապահովում է նոր գիտելիքների ձեռքբերումը`շնորհիվ ուսանողական կազմակերպությունների, մասնավորապես ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած հանդիպումների։
Մի փոքր կխոսե՞ք ԵՊՀ պատմության ֆակուլտետում դասավանդվող առարկաներից։ Ո՞րն է հիմնական առարկայացանկը։ Ի՞նչ փոփոխություններ կկատարեիք այդ ցանկում, եթե Ձեզ նման հնարավորություն տրվեր։
Քանի որ սովորում եմ 1-ին կուրսում, ծանոթ եմ միայն առարկայացանկի մի մասին, բայց արդեն իսկ գիտակցում եմ, որ պետք է ուսումնասիրենք շատ ու շատ երկրների պատմությունները։ Բացի երկրների բուն պատմությունները սովորելուց, մենք ծանոթանալու ենք նաև պատմության ներկայացման մեթոդներին,աղբյուրագիտական աշխատանքներին, կատարվելու են նաև վերլուծական աշխատանքներ։
Ուսումնառության 4 տարիների ընթացքում ուսումնասիրելու ենք Հայոց պատմությունը առանձին շրջաններով։ Մանրամասն ուսումնասիրելու ենք նաև հարևան երկրների պատմությունները։
Ցանկալի կլիներ ուսումնառության ընթացքում անցնել նաև առանձին առարկա պատմագիտական աշխատանք կատարելու մասին։
Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դիմորդները հստակ գիտակցու՞մ են, թե որտեղ են դիմում և ինչ է նրանց սպասվում այնտեղ։
Կարծում եմ այո, որովհետև յուրաքանչյուր դիմորդ պատմության ֆակուլտետի ընդունվելով պետք է գիտակցի, որ իրեն սպասվում է անդադար սովորել, վերլուծել, ուսումնասիրել, ներկայացնել սեփական կարծիքը արդեն իսկ մեկնաբանված և դեռևս չմեկնաբանված երևույթների մասին։ Այսինքն պատմաբանը պետք է իր խոսքը ասի պատմության մեջ։
Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա պատմաբաններին։
Առաջին և կարելի է ասել ամենակարևոր խորհուրդը այն է, որ լինեն վստահ իրենց ընտրության մեջ, հավատարիմ լինեն պատմաբանի մասնագիտությանը, հնարավորինս անաչառ և անկախ կերպով մեկնաբանեն պատմական իրողությունները։
Ո՞ր հաստատություններում են իրենց փորձաշրջանն (պրակտիկա) անցնում ձեր ֆակուլտետի ուսանողները:
Ֆակուլտետի ուսանողները փորձաշրջանն անցնում են թանգարաններում, արխիվներում, դպրոցներում, իսկ մասնագիտական փորձաշրջանի (պրակտիկայի) դեպքում նաև Գիտությունների ազգային ակադեմիայում։
Ո՞ր երկրի պատմությունն է Ձեր վրա հատկապես ազդեցություն գործել:
Հայաստանինը, քանզի առավել խորը ուսումնասիրելով Հայաստանի վաղ շրջանի պատմությունը՝ հասկացա, որ այն ինձ համար նոր բացահայտումներով լի շրջան էր։
Ո՞ր առարկաներից է հարկավոր ընդունելության քննություն հանձնել հենց ԵՊՀ պատմության ֆակուլտետ ընդունվելու համար: Առարկայական այդ ցանկի հետ կապված Դուք առարկություններ կամ նորովի առաջարկներ ունե՞ք:
ԵՊՀ պատմության ֆակուլտետ ընդունվելու համար հանձնում են հայոց լեզու և հայոց պատմություն առարկաներից գրավոր քննություն, իսկ օտար լեզվի գնահատականը բերվում է դպրոցից։ Առարկայական այս ցանկի հետ կապված առարկություններ կամ նորովի առաջարկներ դեռևս չունեմ։
Օլյա Շահինյան