44-օրյա պատերազմից արդյոք դասեր քաղե՞լ ենք: Եռաբլուրում լրագրողներն այս հարցը տվեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

«Պարտավոր ենք դասեր քաղել, պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ և բանակի առողջացմամբ և վերակենդանացմամբ, ինչպես և բոլոր պետական ինստիտուտների: Որևէ պետություն այլընտրանք չի կարող ունենալ»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանը պատասխանեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցին:

«Կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է քննարկվեն և տրվեն: Մենք, իհարկե, ունենք համազգային կարմիր գծեր, որոնք որևէ կերպ չպետք է անցնել, մյուս կողմից՝ մենք առաջին և վերջին ժողովուրդը չենք մոլորակի վրա, որ հարևան պետության հետ ունեցել է շատ երկար հակամարտություն: Կրկնում եմ՝ այն, ինչ գրված է Կառավարության ծրագրում, և ինչի ուղղությամբ մենք քայլեր ենք ձեռնարկում, մենք տրամադրված ենք տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն կառուցելու:

Մշտապես հիշելով ու պատվելով զոհվածների հիշատակը և հարգելով ու մտածելով զոհվածների հարազատների, ընտանիքի անդամների, ծնողների նուրբ զգացմունքների մասին՝ պարտավորություն պիտի զգանք նույն այդ զոհվածների հիշատակի համար, որովհետև նրանք զոհվել են կյանքի համար, զոհվել են, որպեսզի մյուսները ապրեն: Որքան հիշենք ու հարգենք նրանց հիշատակը, այնուամենայնիվ, պարտավորություն ունենք նաև հոգ տանել ողջերի մասին»,- ասաց Միրզոյանը:

1lurer.am

323