Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել.

«Սիրելի հայրենակիցներ, հունվարի 28-ը մեզ համար տարվա ամենահիշարժան օրերից մեկն է: Այդ օրը միահամուռ նշում ենք Հայոց բանակի տոնը:

Զինված ուժերը մեր անկախ պետականության կերտման և զարգացման հիմնաքարն ու անվտանգության գլխավոր երաշխավորն են: Բոլորս գիտենք, թե ինչ դժվարությունների, զրկանքների գնով են ստեղծվել, կայացել ու փառապանծ ուղի անցել մեր բանակային ստորաբաժանումները, և այդ ճանապարհին ինչպես պետությունը, այնպես էլ հայ ընտանիքները, իրենց հերթին, փորձել են անել հնարավորինը՝ նպաստելով բանակաշինության գործին ու բանակի հզորացմանը: Հայոց պատմության էջերը թերթելով՝ ակնհայտ է դառնում, որ մշտապես ունեցել ենք ինքնապաշտպանության խնդիր: Մեր սահմանները պարբերաբար ենթարկվել են ոտնձգությունների:

Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների մասնակցությունն Արցախյան ազատագրական պատերազմին կամարտահայտման, վճռականության ու միասնականության լավագույն դրսևորումներից է: Ցավոք, մեզ պարտադրված այդ պատերազմում ծանր կորուստներ ենք ունեցել:

Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել: Խոնարհումս մեր անմահացած հերոսների հիշատակին: Միաժամանակ վստահեցնում եմ, որ Երևան համայնքը, Երևանի քաղաքապետարանն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում արել և անելու է ամեն ինչ՝ մեր նահատակված եղբայրների ընտանիքներին սատարելու, վիրավորում ստացած զինվորների կողքին լինելու ու համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: Քաղաքապետարանի հատկապես սոցիալական ոլորտի մի շարք ծրագրեր առաջնահերթորեն հենց այդ նպատակին են ուղղվել:

Հարգելի զինծառայողներ, պատերազմի վետերաններ, չնայած մեզ բաժին հասած ծանր փորձություններին, վստահ եմ, որ մեր ժողովրդի աննկուն կամքի, հավատի ու նվիրումի շնորհիվ, պետության, համայնքների ու բոլորիս ջանքերով մեր Ազգային բանակը կարճ ժամանակում կհաղթահարի բոլոր դժվարությունները:

Ի սրտե շնորհավորում եմ Հայոց բանակի օրը, հոբելյանական՝ 30-րդ տարեդարձը: Իմ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից մեր բոլոր զինծառայողներին մաղթում եմ առողջություն ու խաղաղ ծառայություն:

Ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով շարունակելու է համակողմանի աջակցությունը ՀՀ զինված ուժերին ու զինծառայողներին»:

225