ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԵԽԽՎ֊ն հայանպաստ բանաձև է ընդունել, որին Հայաստանի Հանրապետությունը ձգտել է տասնամյակներ։ Շատ երկրներ են ձգտում, որպեսզի իրենց վերաբերող նման բանաձև ընդունվի, օրինակ՝ Ադրբեջանի նման պետության համար դա անհասանելի բաղձանք է։

Այդ բանաձևով քաղաքակիրթ աշխարհն ընդունել է, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման զգալի առաջընթաց է արձանագրվել։ Բոլորիս հասկանալի է, որ նման արձանագրումներով բարձրանում է պետության հեղինակությունը, վարկանիշը, ինչն էլ իր հերթին միայն դրական ազդեցություն է ունենում երկրի բոլոր բնագավառների վրա՝ դառնալով առաջընթացի ազդեցիկ գործոն։

Իհարկե, բնական էր, որ բանաձևի ընդունմանը դեմ լինեին թշնամական հարաբերություններ ունեցող երկրների ներկայացուցիչները, ինչն էլ փաստվեց քվեարկությամբ։ Բայց ապշած եմ, որ սեփական երկրի և ժողովրդի դեմ քվեարկել է հայ մարդը, ով Հայաստանի խորհրդարանի անդամ է և <<Պատիվ ունեմ>> խմբակցության քարտուղարը, ով ոչ մի առիթ բաց չի թողնում՝ հայրենասիրություն քարոզելու, ով նաև դասավանդում է մեր սերունդներին։

Ինչքան պետք է իշխանության մոլուցքը մեծ լինի, ինչքան պետք է փոքր լինի սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքը և ինչքան սարսափելի պետք է թվա ժողովրդավարությունը, որ երկրի համար այսչափ կարևոր արձանագրմանը դեմ հանդես գաս՝ համակարծիք լինելով թուրքերի և ադրբեջանցիների հետ։

Լավ, եթե սա յուրովի դավաճանություն չէ, ապա ի՞նչ է։ Ժողովրդավարական պետություն ունենալը պետք է որ ցանկացած հայի երազանքը լինի։ Մենք մեր ներսում կարող ենք ցանկացած կարծիք, դիրքորոշում, կոշտ քննարկում ունենալ, բայց օտարների մոտ սեփական երկրի դեմ գործելը որևէ արդարացում չունի։ Արդարացումներ և պատճառաբանություններ բերվում են, բայց՝ ծիծաղելի բովանդակություններով։ Ասեմ ավելին՝ ցանկացած դավաճանություն միշտ ունեցել է իր արդարացումը և պատճառաբանությունը։

Այսուհետ ինչպե՞ս ձեզ հետ խոսել միասնության, դժվարին պահերին մեկ բռունցք դառնալու և պատմական դասերից քաղված նման ազգապահպան արժեքների մասին։

Ցավոք սրտի փաստվեց, որ դուք այդ ազգային միասնության և բռունցքի մասը չեք, բայց դուք այս երկրի առաջընթացի, ժողովրդավարացման արգելակման գլխավոր դերակատարների մեջ եք։

Դուք այս երկրի առաջընթացն ապահովող ապագայի հետ կապ չունեք, երկրին դեմ քվեարկած պարոն Հայկ Մամիջանյա՛ն և Ձեզ սատարող տիկնայք ու պարոնայք»։

3230