Երեւան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Երեւանի քաղաքի փողոցներից մեկը անվանափոխելու նախագիծ:

Առաջարկվում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածն անվանակոչել գրականագետ, դերասան և ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի դոցենտ Լևոն Ներսիսյանի անվամբ՝ «Լեւոն Ներսիսյան փողոց»:

«Ս.թ. դեկտեմբերի 24-ին նշվում է Լևոն Ներսիսյանի 90-ամյա հոբելյանը: Լևոն Հրաչյայի Ներսիսյանը (1931-1999թթ.), ունենալով մեծ ավանդ գրականագիտության եւ գեղագիտության զարգացման ոլորտում, ինչպես նաև տաղանդավոր դերակատարմամբ հանդես գալով «Երկունք», «Ապրիլ», «Երջանկության մեխանիկա», «Վերածնունդ» ֆիլմերում, միևնույն ժամանակ անջնջելի հուշեր է թողել ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում իր դասախոսություններին երբևէ մասնակցած սերունդների մոտ: Բանավոր խոսքի արտիստական բարձր վարպետությամբ անցկացվող նրա դասախոսություններին ներկա էին լինում ոչ միայն ռոմանագերմանական ֆակուլտետի, այլ ԵՊՀ այլ ֆակուլտետների, նույնիսկ՝ այլ բուհերի ուսանողները»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

629