Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) իր հանդիսատեսի համար կրկին հաճելի նորություն ունի. նա ներկայացրել է «Հավերժական սեր» ստեղծագործության յուրովի մեկնաբանություն։ Բարրոյին բնորոշ նրբազգացություն և էներգետիկա կա կատարման մեջ։ Բարրոյի խոսքով` մեր հոշոտված վիճակների դեպքում արվեստի մարդու համար սպեղանի է երգը` որպես դիմակայելու միջոց։ ‭«Որպես օպերային երգիչ ցանկացա ֆրանսիական սիրո երգին մի տեսակ թարմ, նորարարական շունչ հաղորդել ու բարձր արվեստ ընկալող հասարակությանը, ինչպես նաև ավելի լայն շրջանակներին, ներկայացնել յուրովի մեկնաբանությամբ Մաեստրոներ Ազնավուր և Կառվարենցի «Հավերժական սեր» ստեղծագործությունը։ Ինձ համար շատ դյութիչ էր երգի բառերին նոր շունչ տալ», - նշում է Բարրոն։ Այս երկլեզու ստեղծագործությունը ևս մեկ հնարավորություն է ներկայացնելու Ադամ Բարրո երգչի բարձր նշաձողն իր կատարողական արվեստի և յուրահատուկ մոտեցման առումով։ Երգի վրայից թանգարանային փոշին հեռացնելով` Բարրոն հետաքրքիր թարգմանություն է իրականացրել և զգացել, որ հիանալի է հնչում. Երդվեցինք մեկմեկու Հավերժական Սեր, Ժամանակն այն ջնջեց ու Օրեցօր խոցվում են մտքերս։ Որքան Սիրո խոստումներ Խեղդվեցին մեր Սրտերում, Համբույրի պահին Հեկեկոցից մնացին չասված։ Բայց ոչինչ չի փոխվել Որովհետև «ցտեսություն»-ը Չի կարող լինել հրաժեշտ։ Խենթացած, հույսով, Խնդրում եմ Աստծուն Քեզ նորից տեսնելու, Խոսելու, երդվելու համար։ Բարրոն նշում է, որ առաջիկայում Ժան Պիեռ Մահեի հետ աշխատանքի արդյունքում կներկայացնի նաև հայերեն տարբերակը և այլ նոր երգեր, որոնց մասին մանրամասները կլինեն շուտով։ Ադամ Բարրոն, նույն ինքը Մուրադ Ամիրխանյանը, ֆրանսահայ համայնքի լուսաստղն է, որտեղ հայտնվում է սեր ու ջերմություն է փոխանցում, հույս ու հավատ ներշնչելով շրջապատին, իսկ նրա շրջապատը ձգվում է Ֆրանսիայից մինչև Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Բելգիա և այլուր։

526