2020 թվականի ութ ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 119 դեպք, որը 18-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերից։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը նշեց, որ այս տարվա դեպքերի գերակշիռ մասը` 77-ը, արձանագրվել է ֆիզիկական բռնության տեսքով, որը 20-ով ավելի է նախորդ տարվա դեպքերից: 1-ով ավելացել են նաեւ ընտանեկան բռնության դեպքերը՝ 5-ից դառնալով 6, իսկ սեռական բռնության դեպքերը նվազել են՝  39-ից դառնալով 36: 119 դեպքերից 99-ով հարուցվել են քրեական գործեր, 20-ով մերժվել է քրեական գործի հարուցումը։ Հարուցված 99 գործերից 20-ն արդեն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք՝ Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երեք աշխատակցուհիներ երեկ կալանավորվեցին. նրանք մեղադրվում են մի խումբ սաների նկատմամբ պարբերաբար դաժան վերաբերմունք ցուցաբերելու, ծեծի ենթարկելու եւ ցավ պատճառելու համար: Քանի որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործն արդեն Քննչական կոմիտեի վարույթում է, Դուրյանը դեպքի վերաբերյալ մանրամասներ չկարողացավ ներկայացնել, միայն նշեց՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ստացել են բռնության մասին տեղեկություն, որը ճշտելու համար բաժին են հրավիրել քաղաքացու, նախապատրաստվել են նյութեր, որից հետո հարուցվել է քրեական գործ: Ինչ վերաբերում է բռնությունից հետո երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն, դա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է: Նելլի Դուրյանը վստահություն հայտնեց, որ նախարարության կողմից այդ աշխատանքները կիրականացվեն:

Նելլի Դուրյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ  մեր մի քանի հարցերին.

- Տիկի՛ն Դուրյան, բռնությունը՝ հատկապես անչափահասների նկատմամբ, որքանո՞վ է արմատացած մեր հասարակության մեջ, աճի կամ նվազման ի՞նչ միտում է նկատվում տարեցտարի:

- Մենք բռնության թվերի աճ չունենք, կարծես թե կայունացում է: Բայց պետք է հաշվի առնել, որ խոսում ենք երեխայի նկատմամբ բռնության մասին, որը ոչ մի դեպքում ընդունելի չէ: Այսօր քաղաքացիներն ավելի շատ են ահազանգում, հիմնախնդիրը ավելի շատ է ուշադրության կենտրոնում, եւ բացահայտման աշխատանքներն էլ ավելի շատ են իրականացվում. բավականին մեծ ուշադրություն է դարձվում անչափահասների նկատմամբ բռնության բացահայտմանն ու կանխարգելմանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ

1240