Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հեռախոսազրույցը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի։

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 24-ին, Վիեննայում։

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանն է: Անկարայի հատուկ ներկայացուցիչ էլ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է: Նրանց առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին, Մոսկվայում։

996