Շուրջ երկու օր է՝ դրությունը Ուկրաինայի սահմանին՝ Դոնբասում, ծայրաստիճան լարված է: Երեկ վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները համապատասխան փաստաթղթերով դիմել են ՌԴ-ին ռազմական օգնության խնդրանքով, ինչը բավարարվել է, և Դոնբասում մեկնարկում է ռազմական գործողություն:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում ռազմագետ Արծրուն Հովհաննիսյանը նկատեց՝ Ուկրաինան ռազմավարական խնդիրներ ունի. «Նախ պետք է դիտարկենք, որ Ռուսաստանը 10 անգամ ավելի շատ ուժեր ունի, քան Ուկրաինան: Եթե զինամթերքն էլ հաշվենք, ապա Ռուսաստանը 50 անգամ ավելի ուժեղ է»:

Հովհաննիսյանի խոսքով՝ Ուկրաինայի ցուցաբերած դիմադրությունը չենք կարող համեմատել 44-օրյա պատերազմում մեր տղաների ցուցաբերած դիմադրության հետ:

«Մեր տղերքն ավելի հերոսաբար են դիմադրել՝ ավելի քիչ սպառազինություն ունենալով հանդերձ»,- ընդգծեց նա:

Ռազմագետը նշեց, որ ռազմական գործողությունների առաջին 2 օրում մեկ շատ կարևոր գործոն կա. «Բացի քանակական առավելությունից, ռուսները աշխարհագրորեն երեք կողմից մուտք են գործել Ուկրաինա՝ Ղրիմից հարավ, Բելառուսից հյուսիս, Ռոստովի ու Խարկովի ուղղություններից էլ ճակատով են մտել: Ընդ որում՝ երկու ուղղությունները հատվող են՝ Կիևից իջնող զորքը հատվում է Ղրիմից բարձրացող զորքին: Բացի այդ՝ այս շրջանները բնակեցված են ռուսախոս բնակչությամբ, կարելի է ասել, որ հենց ռուսներ են ապրում: Հետևաբար, այդ շրջանների դիմադրությունը պետք չէ համեմատել, օրինակ, Դնեպրից արևմուտք ընկած բնակչության հետ: Իմ կարծիքով՝ գաղափարական առումով էլ այստեղի ժողովրդի հետ լավ աշխատանքներ են տարվել ռուսական բանակի կողմից՝ հատուկ նպատակաուղղված և գրագետ»:

Հովհաննիսյանը նաև շեշտեց՝ ռուսական բանակը ընդհանուր շատ գրագետ է աշխատում. «Դա թույլ տվեց մեկ օրում շարքից հանել ուկրաինական հակաօդային պաշտպանությունը և ավիացիայի մեծ մասը: 5-րդ սերնդի դասական պատերազմի կանոններով են առաջ շարժվում՝ թևավոր ու բալիստիկ հրթիռներ, ավիացիայի խիտ կիրառություն: Ընդհանուր Ռուսաստանն ունի մի քանի տասնապատիկ առավելություն»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ՌԴ-ի ռազմական նպատակը Կիևը գրավելը չէ. «Կիևն ավելի շատ քաղաքական խնդիր է, գուցե հաջողվի հասնել Կիև և իշխանափոխություն անել: Կարևոր ռազմական-ռազմավարական խնդիրը Խարկովից ներքև իջնող զորքերն են: Այդտեղից իջնող և Ղրիմից հյուսիս բարձրացող տանկային «աքցանները», եթե միավորվեն իրար, օրինակ՝ Պավլոգրադի մոտակայքում, դա պայմանական եմ ասում, ապա ուկրաինական բանակի ամենամեծ զորախումբը՝ դոնբասյան, որը հիմա դիմադրում է Դոնբասի կողմից ռուսական զորքերի մուտքը, այդ զորքը կընկնի շրջափակման մեջ, և ուկրաինական բանակի համար մեկ մարտունակ զորախումբը կոչնչանա: Սա է նրանց ռազմական կարևորագույն նպատակը, որը մի փոքր դանդաղ տեմպերով է ընթանում»:

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի ժամկետների մասին՝ Հովհաննիսյանը նկատեց՝ ոչ ոք չի կարող ասել, թե այն որքան կտևի: «Ձգձգվելը կապված է ռազմավարական մի շարք գործոններից և հաշվարկել հնարավոր չէ: Եթե Ուկրաինան սկսի ավելի շատ դիմադրել, և ռուսական զորքի հարձակման տեմպերը ընկնեն, կսկսեն ակտիվանալ տնտեսական, քաղաքական գործոնները, որոնք մեծ ազդեցություն կունենան պատերազմի ժամկետների վրա»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Զելենսկին հայտարարել է մոբիլիզացման մասին, հարցին՝ արդյոք դա կարո՞ղ է փոխել հակամարտության ելքը, Հովհաննիսյանն ասաց. «Ուկրաինայի մոբը շատ մեծ է: Երբ արդեն ինտենսիվ խոսվում էր պատերազմի մասին, արևմուտքը նրանց մեծ օգնություն է ցուցաբերել, մասնավորապես՝ մոբիլիզացված զորքի կիրառման մասով: Հարց է՝ կարո՞ղ են Ուկրաինայի իշխանությունները մոբիլիզացման ծրագիրը ճիշտ կազմակերպել: Օրինակ՝ մեզ մոտ շատ սխալ էր այդ մասը կազմակերպված, և լուրջ խնդիր առաջացավ: Սակայն դա առաջացավ նաև նրանից, որ մեզ մոտ կար զենք-զինամթերքի պակաս: Կազմակերպչական հարցերը շատ կարևոր էին: Ուկրաինան կարող է մոբիլիզացմամբ 2 օրում 1-2 միլիոն զորք մոբիլիզացնել, իսկ դա ահռելի քանակ է»:

Նկատառմանը՝ կա պնդում, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անփորձ է, նախկին դերասան, չունի կառավարչական հմտություններ, դա է պատճառը պարտության, ռազմական փորձագետը շեշտեց՝ երկրում, երբ ֆորսմաժորային իրավիճակ է, առաջնորդի դերը շատ կարևոր է:

«Բայց չէ՞ որ համակարգն էլ ունի իր կարևորությունը: Սա միջնադարը չէ, որ ամեն բան Չինգիզ Խանից էր կախված, դա էլ դեռ հարց է՝ ամեն բան իրենից կախվա՞ծ էր, թե՞ ոչ: Նա համակարգ էր ստեղծել, որը իրենից հետո դեռ երկար սիստեմատիկ աշխատում էր: Պետական կառավարման համակարգը դա զուտ անունի հարց չէ: Այո՛, ղեկավարի հանգամանքը շատ կարևոր է, երբ ղեկավարը փորձառու է, բայց պետք չէ ստորադասել անվտանգային ստորաբաժանումների ալգորիթմային աշխատանքը: Անվտանգության գիտության մեջ կառավարման ուղղահայացը կախված է ինչպես ղեկավարներից, այնպես էլ ամբողջ սիստեմից: Աստված մի արասցե, եթե երկրի ղեկավարը զոհվի պատերազմի կեսից, ուրեմն պետք է երկիրը պարտվի՞: Պատերազմներում հաղթած մի շարք երկրների ղեկավարներ ընթացքում զոհվել են, բայց երկիրը հաղթանակ է գրանցել սիստեմատիկ աշխատանքի շնորհիվ: Դա համակարգի աշխատանքի արդյունքն է»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

4253