ԱՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնում մեկնարկել են մամուլի ասուլիսներ՝ հակառակորդի հարձակողական գործողությունների պատճառով հանրապետությունում ստեղծված իրավիճակը օպերատիվ և օբյեկտիվ ներկայացնելու նպատակով:

 

Առաջին հանդիպումը կազմակերպվել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանի հետ, ով վերահաստատել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո, պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված մարտական խնդիրը և արժանի հակահարված տալիս հակառակորդին:

 

ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը ներկայացրել է առողջապահական համակարգի անելիքները՝ նշելով, որ բուժհիմնարկները բերվել են առաջին պատրաստության: Ցավոք, ունենք վիրավորներ և զոհեր:

 

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանի խոսքով, ադրբեջանական զինուժի հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ: Կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ, որոնց կարգավորման առումով արդեն մեկնարկել են անհրաժեշտ աշխատանքները: Ջրամատակարարման, կապի և ճանապարհների անցանելության առումով այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ և խափանումներ չունենք,- նշել է պաշտոնյան:

 

Տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսները օրվա ընթացքում պարբերաբար կազմակերպվելու են:

758