
Դեռևս անցած տարի նախընտրական պրոցեսներից առաջ 7 լրատվական ընկերություն մի շարք հոդվածներ էին տպագրել, որոնք որոշ դեպքերում համեմված էին նաև վիրավորական արտահայտություններով և պարունակում էին զրպարտչական բնույթի տեղեկատվություններ, հետևաբար մենք հետամուտ եղանք և հայցը ներկայացրեցինք դատարան: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գորիկ Միրզոյանը՝ անդրադառնալով նախկին գործարար, ներկայիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցի` «Խաչատուր Սուքիասյանն ընդդեմ մի շարք լրատվամիջոցների» դատական գործերին, մասնավորապես «168 ժամ» ՍՊԸ-ի դեպքում հայցը դատարանի կողմից մասնակի բավարարելուն:
««168 ժամ»-ի մասով կայացվել է դրական դատական ակտ մեզ համար: Խաչատուր Սուքիասյանի հայցի մասնակի բավարարումը վերաբերում էր ֆինանսական փոխհատուցմանը, հետագա անելիքների մասով դեռ կքննարկենք իմ վստահորդի հետ, բայց կարծում եմ, որ այս պահի դրությամբ մենք բավարարված ենք դատական ակտի ելքով»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ որոշ լրատվականներ, ի պատիվ իրենց, հերքումը տարածել են, որոնց մասով հայցերից հրաժարում է տեղի ունեցել, քանի որ արդեն վեճը սպառված էր, և այդ հրապարակումներն իրենց համար ընդունելի էին: ««Մեդիա պլյուս» ՍՊԸ-ի դեպքում գործը դատաքննության փուլում է, News.am, Armday.am կայքերի դեպքում ևս դատական գործը ընթացքի մեջ է: «Ասեկոսե» ՍՊԸ-ի, «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ի դեպքերում հայցից հրաժարման դիմում ենք ներկայացրել, քանի որ հերքման տեքստը հրապարակել են, և մեր վեճը սպառվել է, «Փաստինֆո» ՍՊԸ-ի դեպքում նիստեր դեռևս չեն կայացել: Այսինքն՝ այս պահին ունենք 4 գործ ընթացքի մեջ»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք «168 ժամ»-ի դեպքում կայացած դատական ակտը կարող է նախադեպ լինել նաև մյուս դատական ակտերի համար, Գորիկ Միրզոյանն ասաց, որ յուրաքանչյուր դատավոր առաջնորդվում է իր ներքին համոզմամբ և օրենսդրության հիման վրա, և մի դեպքում փաստարկները կարող են համոզիչ լինել, մյուս դեպքում՝ ոչ:
Իսկ թե այդ հրապարակումները դիտավորության, թե չիմացության արդյունք են` փաստաբանն ասաց . «Ես չեմ ուզում դա որակել չիմացություն կամ դիտավորություն, բայց իրավաբանական հանրույթը մեծ անելիք ունի, քանի որ իրավաբանական գիտելիք ունեցող մարդիկ պետք է շատ դեպքերում ճիշտ խորհուրդներով իրենց վստահորդներին տեղեկացնեն, թե որ դեպքում են իրենք ազատվում պատասխանատվությունից, ուսումնասիրեն ոլորտը: Մեր հայցերի շրջանակում մենք հիմնավորում ենք, որ տվյալ դեպքերում դիտավորությունը առկա է»,- ասաց նա:
Գորիկ Միրզոյանը նկատեց, որ լրատվական գործունեությամբ զբաղվող անձինք այնպիսի համոզմունք ունեն, որ երբ հղում են կատարում այս կամ այն աղբյուրին, դրանով իսկ ազատվում են պատասխանատվությունից, բայց իրականում օրենսդրական տեսանկյունից նշված է, թե որ հանգամանքների դեպքում են ազատվում կամ կրում պատասխանատվություն:
«Քաղաքացիական օրենսգրքով, եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկության աղբյուրին, հեղինակին, կամ տեղեկատվության աղբյուրը հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողն օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից չի հայտնում հեղինակի աղբյուրը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային հայտնողը»,- ասաց նա: