Այսօր՝ մարտի 16-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  հրդեհ  է բռնկվել Արշակունյաց  պողոտա  թիվ 26 շենքի հետնամասում գտնվող տանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից  և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից  մեկական մարտական հաշվարկ: ժամանել է նաև ՀՓԱԿ հերթապահ խումբը: Օպերատիվ են գործել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 3-րդ վաշտի պարեկներ Ղազար Ղազարյանն ու Վարդան Միսակյանը: Պարեկները, հրշեջներն ու քաղաքացիները տարհանել են մի քանի քաղաքացիների, իսկ պարեկները այնուհետև սահմանազատել են տարածքը,  որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն: Դեպքի վայր է ժամանել նաև  ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ ԱԻՆ-ում պարզվում է: Օպերատիվորեն  ժամանել  է նաև բժիշկերի հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրարկանացնում, որպեսզի, եթե բժշկի անհրաժեշտություն լինի, տեղում գործեն: Օպերատիվորեն  ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

546